Այսօր Հայաստանի բոլոր մարզերում (բացառությամբ Սյունիքի մարզի, ուր կա երկու քննակենտրոն) ձեւավորվել են մեկական քննակենտրոններ՝ «Ռուսաց լեզու» առարկայի պետական ավարտական և միասնական քննություններն անցկացնելու նպատակով: Երեւանում՝ ԵՊՀ-ում ձևավորված քննակենտրոնում նախատեսված էր, որ քննություն կհանձնեն 173 դիմորդ, սակայն քննությանը չէին ներկայացել 26-ը: Հիշեցնենք, որ այդ առարկայից քննությանը մասնակցելու դիմում-հայտ է ներկայացրել 1285 դիմորդ եւ այս տարվա քննությունների առանձնահատկություններից մեկն այն էր, որ oտար լեզուների քննությունների ցանկում ավելացել է նաեւ մինչ այժմ միջանկյալ կարգավիճակում հայտնված Ռուսաց լեզուն:
Այս տարին Ռուսաց լեզու առարկայի քննությունը առանձնացավ նախորդներից զինվորական համազգեստներով դիմորդների «առկայությամբ»:Նրանք հիմնականում ռազմական կրթահամալիրի շրջանավարտներ էին: Նախքան քննության մեկնարկը տղաները սկսեցին հաճոյախոսել հիմնականում ռուս բանասիրություն մասնագիտությունը նախընտրած գեղեցկատես աղջիկներին՝ խորհուրդ տալով անմիջապես չպատասխանել գովասանական խոսքերին, այլ քննության ընթացքում հուշել առաջադրանքների պատասխանները:
Այսօրվա քննությունը նախորդներից տարբերվում էր նրանով, որ գրեթե բոլոր դիմորդները Aravot.am-ի հետ զրույցում նշում էին, թե կրկնուսույցի մոտ չեն պարապել եւ բուհական քննություն պետք է հանձնեն դպրոցական գիտելիքներով:
Նկատենք, որ այս քննաշրջանում դիմորդները աչքի են ընկնում իրենց կարգապահությամբ եւ հասունությամբ՝ ի տարբերություն քննակենտրոն եկած ծնողների եւ ազգականների:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ