Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյան. «Բարոյական հարթության մեջ կոալիցիոն հուշագիրը ԲՀԿ-ի հետ գոյություն ունի, իրավաբանական՝ ոչ»

Հունիս 08,2012 16:01

Այսօր ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հրավիրած ասուլիսում ասել էր, որ ճիշտ չէ կոալիցիա ունենալ գործադիր մարմնում, քանի որ պետք է գործադիր մարմինը մի կուսակցություն կառավարի եւ պատասխանատվությունն էլ իր վրա վերցնի: Aravot.am-ին պարոն Շիրխանյանն ասաց, որ կոալիցիոն կառավարությունը գործադիրում ձախողվում է. «Թող լինի խորհրդարանական կոալիցիա, ոչ գործադիր, իսկ նախկին կոալիցիան ձեւական բնույթ էր կրում, ոչ մի նշանակություն չուներ, ողջ պատասխանատուն, առաջ տանողը կամ չտանողը ՀՀԿ-ն է եղել, մնացածը ձեւական էր»:

Մեզ հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը հարցին՝ Դուք սպասում եք, որ կոալիցիայի հետ կապված Գագիկ Ծառուկյանը նոր, հատուկ հայտարարությո՞ւն անի, որովհետեւ մինչ այդ ասուլիսում տիկին Աճեմյանը նշել էր, որ կոալիցիա կազմել-չկազմելուց խոսել դեռ շուտ է: Նա պատասխանեց. «Մենք չենք սպասում, որ Գագիկ Ծառուկյանը կոալիցիայի հետ կապված ինչ-որ հայտարարություն անի: Մենք սպասում ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը ԱԺ-ում բավականին ձայներ է հավաքել եւ ներկայացված է՝ իր դիրքորոշումը հայտնի»: Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ-ն իր դիրքորոշումն այդ մասին արդեն հայտնել է՝ չի կազմում կոալիցիա եւ կառուցողական դաշտում է գործելու՝ տիկին Աճեմյանը պատասխանեց. «Դե հիմա ժամանակի ընթացքում երբ որ կառավարությունը կձեւավորվի եւ մենք կաշխատենք, հետագա զարգացումների մասին տեղյակ կլինեք: Բայց ես Գագիկ Ծառուկյանի հետ կապված, իհարկե, պիտի ասեմ, որ իրենք իրենց դիրքորոշումը բարձր մակարդակով արդեն հայտնել են, բայց հետագա զարգացումների մասին պիտի սպասենք, որ իմանանք, ես չգիտեմ իրենք ինչ են որոշել»:

Մեր հարցին՝ այսինքն ՀՀԿ-ն դերերը լրիվ չի՞ պատկերացնում՝ ի պատասխան Կարինե Աճեմյանը նշեց. «Մենք մեր աշխատանքն ենք պատկերացնում, մեր պատասխանատվության չափն ենք պատկերացնում, եւ յուրաքանչյուր ձեւաչափով մենք պատրաստ ենք աշխատել: Մենք մեր գործընկերներին էլ ենք դրա մասին ասել: Հիմա որոշումն իրենցն է»:

Ինչ վերաբերում է բազմաթիվ այն պնդումներին, որ նախկին կոալիցիան ձեւական է եղել, Կարինե Աճեմյանը շարունակում է չհամաձայնել՝ ասելով, որ 4 նախարարություն, 4 ոլորտ իրենց ենթակայության տակ է եղել, իրենք աշխատել են: Կարինե Աճեմյանը չի համաձայնում նաեւ, որ կանոնները թելադրողը ՀՀԿ-ն է եղել. «Որ կանոններ թելադրեինք՝ ինչի՞  էին այս հարցերն առաջացել, ուրեմն չենք թելադրել: Ընդհանրապես կոալիցիայի ձեւավորման ընթացքում եւ սկզբում կանոններ պարտադիր լինում են բոլորի համար: Մենք բոլոր կանոնները, որպես կոալիցիոն գործընկեր, պահպանում ենք, ցանկալի է, որ նրանք էլ իրենց պատասխանատվությունը կրեն եւ կանոնները նույնպես պահպանեն»:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին պաշտպանելու խոստմանը, որն ամրագրված է ԲՀԿ-ի կողմից նախկին կոալիցիոն հուշագրում՝ տիկին Աճեմյանը կարծում է, որ «ոչ մի բան հավերժ չի, երբ նոր ձեւավորվել է Ազգային ժողով, հին համաձայնագիրը ուժի մեջ է այնքանով՝ որքանով…դա իրավաբանական փաստաթուղթ էլ  չէր առանձնապես: Եթե նայենք բարոյական հարթության մեջ, իհարկե, ուժի մեջ է, իսկ եթե նայենք իրավաբանորեն, փաստաթուղթը գոյություն չունի»:

Մենք տեղեկացրինք, որ իր կուսակցական ընկեր, պատգամավոր Գագիկ Մինասյանը հակառակն էր վստահեցնում՝ ասելով, որ քանի դեռ Գագիկ Ծառուկյանը հակառակը չի ասել, պարտավոր է պաշտպանել Սերժ Սարգսյանին, եւ որ հուշագրի այդ կետը դեռ ուժի մեջ է: Ըստ Կարինե Աճեմյանի՝ մինչեւ նախագահական ընտրություններ դեռ ժամանակ կա. «Իրենք որպես քաղաքական ուժ նույնպես իրավասու են հայտարարություններ անել Ազգային ժողովում, կարծում եմ՝ իրենք կանեն այդ հայտարարությունը»: Մեր հարցին՝ հնարավոր է թարմացվի՞ այդ կետը՝ տիկին Աճեմյանը դժվարացավ պատասխանել՝ հորդորելով այդ հարցը տալ ԲՀԿ-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930