Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Հեֆերն. «Ընդհանուր արժեքները իրական գործընկերության հիմքն են»

Հունիս 08,2012 15:11

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի ներկայացմամբ` Երեւան Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը հստակ մատնանշում է այն կարեւորությունը, որ տրվում է Հայաստանին ու տարածաշրջանին ԱՄՆ-ի կողմից:

Նման հայտարարություն Հեֆերնը արել է` իր տեսաբլոգում անդրադառնալով Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան օրերս կատարած այցին:

«[ԱՄՆ-ի] պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, [Հայաստանի] նախագահ Սարգսյանը եւ արտգործնախարար Նալբանդյանը միասին նշեցին ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը` հունիսի 4-ին պետքարտուղարի Երեւան կատարած այցի ընթացքում: Սա պետքարտուղարի երկրորդ այցն էր Հայաստան, որը հստակ մատնանշում է այն կարեւորությունը, որ տրվում է Հայաստանին ու տարածաշրջանին պետքարտուղարի եւ նախագահի կողմից», – ասել է դեսպանը։ – «Քսանամյակի թեմայից զատ` պետքարտուղարը բոլոր հանդիպումներում եւ բոլոր միջոցառումների ժամանակ շեշտադրեց գործընկերությունն ու արժեքները: Նա հանդիպում ունեցավ Հայաստանում պարգեւների արժանացած 11 անձանց հետ, որոնց թվում էին մարդու իրավունքների պաշտպանի, խիզախ կնոջ, կառավարության բարեփոխումների առաջատարի, քաղաքացիական ակտիվության, ինչպես նաեւ մամուլի ազատության մրցանակներին արժանացած անձինք: Մեր այս հիանալի գործընկերների մասին ես առանձին տեսբլոգ կներկայացնեմ առաջիկա շաբաթների ընթացքում»:

«Պետքարտուղարի այցը մեկ անգամ եւս ի ցույց դրեց, որ իրական գործընկերությունը խարսխվում է ընդհանուր արժեքների վրա», – ընդգծել է Ջոն Հեֆերնը։

Նշելով, որ Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներում պետքարտուղարը քննարկել է ներքին եւ տարածաշրջանային հարցեր, դեսպանը շարունակել է. – «Լեռնային Ղարաբաղի հետ կապված` պետքարտուղարը դատապարտեց հրադադարի խախտման վերջին միջադեպը, որին զոհ են գնացել երեք հայ զինվորներ: Նա խոստացավ Բաքվում խստորեն նշել, որ ուժի կիրառումը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում ապահովել: Նա նաեւ հավաստիացրեց [Հայաստանի] նախագահին եւ արտգործնախարարին, որ Միացյալ Նահանգները` որպես Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Հելսինկյան ակտի երեք սկզբունքներին, այն է` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները` որպես ինտեգրված ամբողջություն, որ հիմնարար նշանակություն ունի հակամարտության լուծման համար»։

«Հայ – թուրքական հաշտեցման հետ կապված` պետքարտուղարը վերահաստատեց իր կարծիքը, որ արձանագրությունների վավերացման հետ կապված գնդակը Թուրքիայի դաշտում է», – ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը։

Հեֆերնը նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ Հայաստանի նախագահը քննարկել են նաեւ ընտրություններին, առեւտրին, ներդրումներին, կառավարմանը վերաբերող հարցեր:

«Պետքարտուղարը հորդորեց ավելի մեծ բարեփոխումներ կատարել ավելի մեծ թափանցիկությամբ, որպեսզի Հայաստանը լինի ավելի ժողովրդավար, ավելի բարեկեցիկ ու ավելի ապահով երկիր», – ասել է դեսպանը։

«Ընդհանուր արժեքները իրական գործընկերության հիմքն են», – հայտարարել է Ջոն Հեֆերնը իր տեսաբլոգում։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930