Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագրի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Հունիս 08,2012 14:55

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Ալվարդ Աբրահամյանի եւ Յուրիկ Սրաբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Ըստ գլխավոր դատախազության կայքէջի՝ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2009թ. քաղաքացի Վ. Աբաջյանն ընկերոջ միջոցով ծանոթացել եւ մտերմացել է «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի, իսկ հետագայում` նաեւ վերջինիս ամուսնու` Յ. Սրաբյանի հետ:

Ըստ ձեռք բերված ապացույցների` Ա. Աբրահամյանին բարեխիղճ մոլորության մեջ գցելու եղանակով, նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, կեղծ խոստումներով Ա. Աբրահամյանին, իսկ նրա միջոցով նաեւ` նրա մտերիմներին խաբել է` իբր նրանց համար կարող է շուկայական ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երեւանում:

Չարաշահելով Ա. Աբրահամյանի եւ նրա մտերիմների վստահությունը` Վ. Աբաջյանը խաբեության միջոցով 2011թ. ամռանը  խարդախությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումար եւ խոստացել է մինչեւ 2011թ. սեպտեմբերի 2-ը կատարել իր պարտավորությունները: Այն է` լուծել բնակարանների ձեռք բերման հարցը:

Գիտակցելով, որ իր կողմից խոստացած ժամկետները լրանալուց հետո իր կատարած հանցանքը` խարդախությունը, բացահայտվելու է` այն թաքցնելու, միաժամանակ շահադիտական դրդումներով, հափշտակած գումարն անարգել տնօրինելու նպատակով խարդախության մասին կասկածներ ունեցող Ա. Աբրահամյանին եւ նրա ամուսին Յ. Սրաբյանին առեւանգելու, ապա սպանության համար նպաստավոր վայր տեղափոխելու եւ նրանց սպանելու համար նախնական համաձայնության է եկել որդու` Հ. Աբաջյանի հետ:

2011թ օգոստոսի 31-ին` ժամը 15:00-ի սահմաններում, հայր եւ որդի Աբաջյանները Յ. Սրաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով`  Սեւանա լճից խեցգետնի որս եւ առեւտուր կազմակերպելու պատրվակով, Յ. Սրաբյանին ավտոմեքենայով առեւանգել եւ տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սեւանա լճի հարեւանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք:

Նշված շինությունում Հ. եւ Վ. Աբաջյանները հարվածելու եւ ձեռքերով խեղդելու եղանակով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել, սպանել են Յ. Սրաբյանին, որից հետո դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ եւ քարերով ծածկել: Հանած հագուստներն ու կոշիկները նետել են Գավառ-Երեւան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:

Այնուհետեւ նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, Վ. եւ Հ. Աբաջյանները, չարաշահելով Ա. Աբրահամյանի վստահությունը, Երեւանի Արշակունյաց  2 հասցեում գտնվող «Մամուլի» շենքի մոտից խաբեությամբ, Յ. Սրաբյանի մոտ տանելու պատրվակով, Ա. Աբրահամյանին առեւանգել, տեղափոխել են Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տարածք եւ պարանով խեղդելու եղանակով ապօրինաբար սպանել են նրան` դին գցելով աղբով լցված փոսի մեջ:

2011թ. սեպտեմբերի 4-ին Վ. եւ Հ. Աբաջյանները, տարբեր խանութներից գնելով ցեմենտ, ավազ, տարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղ, որտեղ պատրաստել են բետոնե շաղախ եւ այն լցրել Յ. Սրաբյանի դիակի վրա, այնուհետև քարերով եւ հողով ծածկել, որպեսզի դին չհայտնաբերվի:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Վ. եւ Հ. Աբաջյանները  նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության «Բրաունինգ 1906» մոդելի ատրճանակը, «ՏՕԶ-12» մոդելի սպորտային ակոսափող հրացանը եւ գործարանային արտադրության, ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 114 հատ փամփուշտները  2011թ. սեպտեմբերի 2-ին ապօրինի կերպով փոխադրել  եւ պահել են իրենց առանձնատան նկուղում, որտեղից 2011թ. հոկտեմբերի 27-ին և 29-ին հայտնաբերվել եւ առգրավվել են:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ եւ 11-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Հ. Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ եւ 11-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930