ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում իրականացված դիվերսիոն գործողությունները բացատրեց հետեւյալ կերպ. «Սա Ադրբեջանի՝ Ղարաբաղի կարգավորման հարցում որդեգրած քաղաքականության դրսեւորումն էր: Իսկ Ադրբեջանը որդեգրել է մաքսիմալիստական ծայրահեղ մոտեցում, նա բանակցային գործընթացում օգտագործում է այնպիսի մի էլեմենտ, ինչպիսին ուժի դիմելու սպառնալիքն է: Վերջին տարիներին բազմիցս Ադրբեջանի ղեկավարության կողմից լսել ենք հայտարարություններ, որ նրանք կատարել են միլիարդավոր ներդրումներ իրենց բանակի մեջ, եւ որ իրենց բանակը մարտունակ է, որ Ադրբեջանը կարող է ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Նրանք իրենց հայտարարություններին լրջություն հաղորդելու համար սահմանում պահում են լարվածություն: Սրանք քաղաքական նպատակ հետապնդող գործողություններ են: Սա շանտաժի քաղաքականություն է՝ նրանք փորձում են ուժի դիրքերից ճնշում գործադրել: Ինձ մոտ տպավորություն է, որ Ալիեւը փորձում է կրկնել 20-րդ դարի 30-ական թվականներից հայտնի ագրեսորին խաղաղացնելու տխրահռչակ քաղաքականությունը: Բայց ինչ նպատակ էլ որ նա դրած լինի, իսկ իրականացվածը քաղաքական նպատակ էր հետապնդում ու անմիջականորեն կապված էր Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջանային այցելության հետ, եւ այս առումով շատ հանդուգն դեմարշ էր, նրանք ձգտում էին ճնշում գործադրել, որ նաեւ հունիսի 18-ին Փարիզում նախատեսված արտգործնախարարների եւ Մինսկի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ճնշում ապահովեն՝ խնդիրների քննարկումը իրենց համար նպաստավոր հունով տանելու համար»,-մեկնաբանեց Հարությունյանը, ասելով, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը, սադրելով այս միջադեպը, հույս ուներ վախի, խուճապի, անհանգստության տրամադրություն հարուցել մեր հասարակության մեջ՝ հակառակ էֆեկտը ստացվեց:
Զորակոչային ռեսուրսի վերաբերյալ էլ ասաց, որ գաղտնիք չէ, որ այն կրճատվել է, բայց հայտնեց, որ տարեցտարի բանակում ավելացվում է պայմանագրային զինծառայողների թվաքանակը, այս ինստիտուտը զարգանում է, եւ բանակի հեռանկարը կապված է պայմանագրային ինստիտուտի ընդլայնման եւ նրա՝ աստիճանաբար պրոֆեսիոնալ ծառայության ինստիտուտի վերաճման հետ. «Այսօր զինված ուժերում համալրվածության առումով խնդիր չկա: Թվակազմը
այն աստիճանի է, ինչն անհրաժեշտ է բանակին իր խնդիրները լուծելու համար»,- հավաստիացրեց Գեղամ Հարությունյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև