«Նախ, որպես քաղաքական գործիչ, ԱԺ նորընտիր պատգամավոր, արդեն իսկ պարտավոր եմ հնարավորինս հրապարակային գործունեություն իրականացնել, հանրությանն ու զանգվածային լրատվության միջոցներին հնարավորինս մատուցել այն ամենն, ինչը կապված է մեր թիմի, կուսակցության քաղաքական գործունեության հետ` ընդհանուր առմամբ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել այդ վստահության համար՝ թիմին, կուսակցությանը եւ ղեկավարին, որ փոքր-ինչ ընդլայնելով արդեն իսկ ունեցածս պարտականությունները, ինձ վստահել են ամբողջ տիրույթը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ով այսուհետ կկատարի նաեւ կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուի պարտականությունները: Նա հուսով է, որ գործընկեր լրատվամիջոցները եւ հասարակությունը գոհ կմնան իր ծառայություններից:
Հիշեցնենք, որ ինչպես պարզաբանել էր խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաղդասար Մհերյանը առողջական խնդիրների հետ կապված արձակուրդ է վերցրել, բայց իրենց կուսակից ընկերն է, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները ժամանակավորապես կկատարի «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող, Սպորտի եւ երիտասարդության հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Պետրոսյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ փոխարինելով Խաչիկ Գալստյանին, ով օրերս հայտարարություն տարածեց այդ պաշտոնից իր հրաժարվելու մասին՝ չպատճառաբանելով մանրամասները: Խաչիկ Գալստյանը նույնպես մնում է ԲՀԿ քաղխորհրդի անդամ: Տիգրան Ուրիխանյանը հույս հայտնեց, որ որոշ ժամանակ անց եւ Մհերյանը, եւ Գալստյանը «որեւէ կերպ կշարունակեն իրենց պիտանելիությունը ցուցաբերել կուսակցությանը, թիմին, երկրին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ