Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ

Հունիս 08,2012 13:48

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ տասներեքերորդ

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ

Մենք էս նոր տարին էլ ենք Արշակի կուսակցության գրասենյակում դիմավորել, ավելի ճիշտ՝ էս անգամ էլ հին տարին Արշակի գրասենյակում ավարտեցինք, ու էս անգամ էլ Արշակը մոտավորապես ժամուկես ուշացավ, ավելի ճիշտ՝ մենք պայմանավորված ժամից ժամուկես ուշ Արշակի գրասենյակ մտանք, մինչդեռ Արշակն էս անգամ ամբողջ երկու ժամ էր ուշացել, բայց էս անգամ աննախադեպ նրբանկատություն հանդես բերելով՝ Արշակը զանգել ու ապսպրել էր իր կուսակցության երկրորդ անդամ Կարենին, որի օպերատիվության շնորհիվ մենք էս անգամ անձամբ Արշակից  շուտ իր կուսակցության գրասենյակում հայտնվեցինք, եւ երբ կես ժամից անձամբ Արշակն էլ հայտնվեց, ճոխ սեղանն արդեն  իր կուսակցության գրասենյակի երկայնքով մեկ գցված էր, եւ Արշակին ուղղված մեր կշտամբանքներն արդեն ուշացած ու ժամանակավրեպ էին,  որովհետեւ ընդամենը երեք ժամից նոր տարին էր սկսվում, եւ մենք չէինք ցանկանում հին տարվա էդ ամենավերջին ժամերն Արշակին կշտամբելով  մսխել, մանավանդ որ՝ ինքներդ էլ եք երեւի արդեն հասկանում, որ էդ առումով Արշակն անուղղելի է, եւ մեր կշտամբանքները՝ միանգամայն անիմաստ ու անօգուտ, եւ ընդհանրապես՝ Արշակն ուրիշ առումներով էլ է անուղղելի, եւ, բնականաբար, ձեզնից ոմանք իրենց մտքի մեջ ինձ հետեւյալ հարցը կտան՝ «եթե Արշակն էդքան անուղղելի է, ինչո՞ւ եք իր կուսակցության գրասենյակում էդքան հաճախ ու մանավանդ  նոր տարվա գիշերը հավաքվում», եւ եթե ձեր մտքի մեջ էդ բնական հարցը ծագած էլ չլինի, ես պարտավոր եմ բացատրություն տալ՝ ինչու ենք էդքանից հետո էդ անուղղելի անձնավորության կուսակցության տարածքում ամսվա մեջ առնվազն մի անգամ ու ամեն տարվա վերջին օրը պարտադիր հավաքվում, եւ ձեր էդ միանգամայն բնական ու հնարավոր հարցի մեջ խորամուխ լինելով՝ պիտի միանգամայն անկեղծորեն ասեմ ու խոստովանեմ, որ իրականում մենք էլ  Արշակից պակաս անուղղելի չենք, եւ չնայած քաղաքական գործիչ չենք, մենք էլ աղմուկից ու աղաղակից առանձնապես չենք խրտնում ու խուսափում, բայց, ի տարբերություն Արշակի, մյուսներս հնարավորինս խուսափում ենք, որ էդ աղմուկն ու աղաղակը մեր տներում կամ մեր աշխատավայրերում ծավալվեն, որովհետեւ մեր տներում մեր ընտանիքների անդամներն էդ աղմուկն ու աղաղակը դժվար թե մի անգամից ավել հանդուրժեն, եւ, բացի այդ, մեր հարեւաններն էդ աղմուկն ու աղաղակը հաստատ մի անգամից ավել չեն հանդուրժի, մինչդեռ Արշակի էս հարեւաններն ամեն անգամ  դժգոհելով ու բողոքելով՝ առ էսօր լավ էլ  հանդուրժում ու համակերպվում են, որովհետեւ բոլորիս պես իրենք էլ անաղմուկ Արշակ Սադոյան չեն տեսել ու չեն  պատկերացնում, եւ հիմնականում էս հանգամանքներն են պատճառը, որ մենք ամսվա մեջ առնվազն մի անգամ եւ տարվա ամենավերջին օրը պարտադիր հավաքվում ենք պահեստի ընդդիմադիր Սադոյան Արշակի կուսակցության գրասենյակում, եւ չնայած ամեն անգամվա պես էս տարվա դեկտեմբերի երեսունմեկին էլ Արշակը Պոնչիկանոցի մայթին մեզ ահագին սպասեցնել տվեց, մենք դաշնակցության ոչ գործուն անդամ Ավոյի խորհուրդին չանսալով ու ինքներս մեզ ուտելով սպասեցինք՝ մինչեւ Արշակի կուսակցության երկրորդ անդամ Կարենը  վերջապես հայտնվեց եւ մեր առաջ ԱԺԴ-ի էդ անհյուրընկալ դռները բաց արեց, մինչդեռ դաշնակցության ոչ գործուն անդամ Ավիկն առաջարկում էր մեր ուտելիքներով ու խմիչքներով հանդերձ՝ գնալ ու Մատենադարանի մոտի շենքում մենմենակ ապրող իր ընկերոջ տանը նոր տարին դիմավորել, ավելի ճիշտ՝ անցնող տարին ճանապարհել, եւ չնայած ինքս դաշնակցության ոչ գործուն անդամ Ավիկի առաջարկին կողմ քվեարկեցի, դեմերն ակնհայտ մեծամասնություն էին, եւ դեմերը դեմ քվեարկեցին ոչ թե էն պատճառով, որ չէին ցանկանում դաշնակցության ոչ գործուն անդամ Ավոյի առաջարկած ձեւով Արշակին պատժել, այլ պարզապես կողմ էին, որ ամեն անգամվա պես էդ տարին էլ պահեստի ընդդիմադիր Սադոյան Արշակի գրասենյակում ավարտենք, եւ երբ ԱԺԴ երկրորդ անդամ Ակնոցավոր Կարենից կես ժամ հետո պահեստի ընդդիմադիրն էլ անձամբ շնորհ արեց,  մենք չհարձակվեցինք ու լուտանքներ չթափեցինք, որովհետեւ նախապես տեղյակ էինք, որ ինքը մարզահամերգայինում իշխանությունների հետ էր անցնող տարուն առաջին հրաժեշտը տվել, եւ դա պահեստի ընդդիմադիր Սադոյան Արշակի համար արդեն իսկ առավելագույն չափի պատիժ էր, եւ մենք Արշակի էդ առավելագույն չափի պատժին առանձնապես չանդրադարձանք՝ ոչ թե էն պատճառով, որ գալիք տարում դա մեր հիմնական թեման էր հանդիսանալու, այլ էն պատճառով, որ մենք առանձնապես տրամադրված չէինք անցնող տարին տհաճ խոսակցությամբ ավարտել, եւ, դրանից էլ բացի, մեր կշտամբանքների կարիքն առանձնապես չէր զգացվում, որովհետեւ Արշակն առանց  մեր կշտամբանքների էլ էր ամոթից կարմրած, եւ չնայած իր կարմրելն իր սեւության վրա առանձնապես չի նկատվում ու երեւակվում, մենք իր ամաչելն ու իր կարմրելն իր կմկմոցներից ու իր անկապ հարցերից ենք կռահում, եւ հատկապես էդ անգամ էր էդպես, եւ էդ անգամ էնպես ստացվեց, որ մենք ԱԺԴ երկրորդ անդամ Կարենի շնորհիվ, փաստորեն, պահեստի ընդդիմադիր Սադոյան Արշակից ամբողջ կես ժամ շուտ հայտնվեցինք իր իսկ կուսակցության գրասենյակում, եւ երբ պահեստի ընդդիմադիրն իննի կողմերը հայտնվեց, ճոխ սեղանն արդեն գցված եւ բաժակներն էլ ԱԺԴ երկրորդ անդամ Կարենի ձեռամբ արդեն լցված էին, ու մենք պահեստի ընդդիմադիր Սադոյան Արշակի վրա առանձնապես չհարձակվեցինք եւ ընդամենը  մի քանիսիս լուտանքներով բավարարվեցինք, որովհետեւ երբ պահեստի ընդդիմադիրն ամոթխած հայտնվեց իր իսկ կուսակցության գրասենյակի դռների մեջ, արդեն ինն էր դառնում. այսինքն, մենք էդ անգամ ժամանակ չունեինք Արշակի դաստիարակության անօգուտ ու անշնորհակալ գործով զբաղվելու, որովհետեւ հին տարուց ընդամենը երեք ժամ էր մնացել, որից առնվազն կես ժամը մեր իսկ ընտանիքներում մեր իսկ տնեցիների հետ պիտի անցկացնեինք, եւ երբ մի քանիսիս թռուցիկ կշտամբանքներով արդեն բավարարված էինք, եւ երբ ԱԺԴ երկրորդ անդամ Կարենն իր կուսակցության առաջնորդի բաժակն էլ լցրեց, Օրթախը տեղից վեր կացավ եւ առաջարկեց խմել անցնող ու արդեն ավարտվող տարում մեր շարքերը լքած ու մեզանից անդարձ հեռացած ընկերների կենացը, եւ էս անգամ դրանք երկուսն էին՝ Ռաֆոն ու Սեթը, եւ ես Արիսին էլ հիշելով ավելացրի, ու մենք մեզանից ու բոլորից հեռացածների կենացը հոտնկայս ու լուռ խմեցինք, եւ ԱԺԴ երկրորդ անդամ Կարենը վերստին բոլորիս  բաժակները լցրեց, եւ Օրթախը վերստին բաժակը բարձրացնելով՝ առաջարկեց խմել մեր էն ընկերների կենացը, որոնք կարող էին ներկա լինել, բայց ինչ-ինչ պատճառներով ներկա չէին տարեմուտի մեր էդ հերթական հավաքին, եւ Օրթախ Աբոյի կենաց խոսքի վրա ԱԺԴ դռները բացվեցին, եւ դռների մեջ շողշողաց Շուրիկի դեմքը, եւ Շուրիկը մեր բարձրացրած բաժակները տեսնելով՝ քթի տակ խնդմնդալով հարցրեց՝ «էդ առանց ինձ ի՞նչ կենաց եք խմում», եւ ես ասացի՝ «բացակաների կենացն ենք խմում» եւ ժպտալով ավելացրի՝ «այսինքն, քո կենացն ենք խմում», եւ Շուրիկը ժպտալով ասաց՝ «փաստորեն, թամադայի կենացն եք խմում», եւ Շուրիկն էդպես ասաց, որովհետեւ անցած ու ավարտվող տարում Օրթախի առաջարկով ինքն էր մեր բոլոր սեղանները թամադայել, եւ Շուրիկի թամադայության հարցում բոլորիս կարծիքները համընկնում են, եւ բոլորս էն կարծիքին ենք, որ Շուրիկը բացառիկ իմաստուն մարդ է եւ անփոխարինելի  թամադա, եւ Շուրիկի ղեկավարած քեֆերը հիմնականում առանց արտակարգ պատահարների են անցել՝ չհաշված նախավերջինն ու վերջինը, եւ նախավերջինի ընթացքում  Սերոբն ու ես իրար վրա ահագին գոռգոռացինք, իսկ վերջինի ժամանակ՝ նույն Սերոբն ու Ջավախյանը, ու երկու դեպքում էլ քիչ էր մնում բանը տուրուդմփոցի հասներ, եւ երկու դեպքերում էլ վեճի թեման գեղարվեստական գրականությունն էր, ու երկու դեպքերում էլ թամադան Շուրիկն էր, ու երկու դեպքերում էլ Հարությունյան Հայկունին բացակայում էր, եւ դա տարաձայնությունների հիմնավոր պատճառ էր, որովհետեւ Հայկունու ներկայությամբ ու առկայությամբ ոչ թե գրականության շուրջ է կռիվ ու վեճ առաջանում, այլ միայն՝ կոնկրետ  գրողների ու համապատասխան գրողներին վերագրվող համապատասխան գնահատականների, եւ քանի որ էդ նախավերջին ու վերջին անգամ  Հարությունյան Հայկունին բացակա էր, մեր գրական ու գրականագիտական բանավեճն իսկական բազարի վերածվեց, որովհետեւ Հայկունու բացակայությամբ բոլորս առիթից օգտվելով՝ սկսում ենք մեր գրական կարծիքներն ազատորեն արտահայտել, մենչդեռ Հայկունու ներկայությամբ ու առկայությամբ երբ որեւէ մեկս որեւէ գրողի մասին կարծիք է հայտնում, Հայկունն անմիջապես իր քսանբալանոց սիստեմից որեւէ բալ է արտաբերում. ասենք, երբ հարցը վերաբերում է Պուշկինին, Հայկունն առանց երկար մտածելու տեղից  վեր թռչում ու գոռում է՝ «տասնիննուկես», եւ Տոլստոյի դեպքում՝ նույնը, եւ Դոստոեւսկու  ու Գոգոլի դեպքերում՝ նույնը, եւ Ֆոլկների դեպքում՝ մի քիչ ցածր, եւ Մարկեսի դեպքում՝ Ֆոլկներից կես բալ ցածր, եւ վերստին հիշեցնելով ասեմ, որ գրականության բնագավառում Հայկունու քսանին առ էսօր միայն մեր Նարեկացին է արժանացել, որովհետեւ Հայկունին համարում է, որ Նարեկացին ոչ միայն մյուս բոլոր գրողներից է բարձր, այլեւ՝ գրականությունից ու բանաստեղծությունից էլ, եւ չնայած ինքս էլ եմ էդ կարծիքին, ինձ որ մնար՝ Դանթեին, Շեքսպիրին, Սերվանտեսին ու էլի մի քանիսին էլ քսանի կարժանացնեի, մինչդեռ Հայկունին քսանականների իր ցուցակը Նարեկացիով սկսում ու Նարեկացիով էլ ավարտում է, եւ չնայած բոլորս էլ մեզ լավ ենք զգում, որ Հարությունյան Հայկունու էդ համաշխարհային նշանակության ցուցակի ամենավերին շերտը մեր Նարեկացիով սկսվում ու մեր Նարեկացիով էլ ավարտվում է, այդուհանդերձ, երբեմն-երբեմն մեզ-մեզ մտածում ենք նաեւ, որ եթե Գրիգոր Նարեկացին մեր հայրենակիցը չլիներ, Հարությունյան Հայկունին նրան ոչ միայն իր էդ քսանին չէր արժանացնի, այլեւ Նարեկացու անունը դժվար էլ լսած լիներ, ավելի ճիշտ՝ եթե Հարությունյան Հայկունին հայ չլիներ, Նարեկացի անունն  իր համար որեւէ շոշափելի բան չէր նշանակի, ու մենք էս բանը երբեմն-երբեմն մտածելով՝  Հայկունու ներկայությամբ չենք համարձակվում մեր էդ մտածածը բարձրաձայնել, եւ մեջներիցս միակը, որ Հայկունու ներկայությամբ համարձակվում է Նարեկացու ու բոլորի վերաբերյալ իր կարծիքը բարձրացնել, Օրթախ Աբոն է, եւ Օրթախը մանավանդ Նարեկացու հարցում Հայկունուն բարձրաձայն հակադրվելով՝ միանգամայն հակառակ ծայրահեղության մեջ է ընկնում, եւ Օրթախն ամեն անգամ հակառակ  ծայրահեղության մեջ  հայտնվելով՝ հայտարարում է, որ Նարեկացու  պոեմը սկզբից մինչեւկ վերջ կարդալով՝ էդ պոեմում առանձնահատուկ որեւէ միտք չի հայտնաբերել, եւ էս դեպքում ներկաներս Օրթախին բարձրաձայն ենք հակադրվում, եւ երբ իրեն բարձրաձայն հակադրվում ու հակաճառում ենք, Օրթախն ավելի քան համոզված հայտարարում է, որ մենք էդ հարցում իրեն հակադրվելու իրավունք չունենք, քանի որ ներկաներիցս միայն ինքն է Նարեկացու պոեմը ծայրեծայր կարդացել, եւ էս դեպքում Հարությունյան Հայկունը նախ քմծիծաղ է տալիս, այնուհետեւ ԱԺԴ-ի դուռը շատ ուժեղ շրխկացնելով՝ թողնում ու հեռանում է, եւ չնայած Հայկունու հեռանալուց հետո կրքերն անհամեմատ հանդարտվում են, մենք, Օրթախի նախաձեռնությամբ ու Հայկունու բացակայությամբ, մի կես ժամի չափ էլ ենք շարունակում գրականության ու Նարեկացու վերաբերյալ  բանավեճը, եւ չնայած Օրթախի նախաձեռնությամբ ու Հայկունու բացակայությամբ կարգին գրական բանավեճ չի ստացվում, մենք Օրթախի կամքով եւս կես ժամ մնում ու առանց Հայկունու՝  արդեն միանգամայն ինքնուրույն ենք շարունակում համաշխարհային գրականության մեծերի դասդասման ու գնահատման գործը, եւ «ինքնուրույն» ասելս միանգամայն հարաբերական է, որովհետեւ Հայկունու բացակայության պայմաններում Օրթախի կարծիքը բացարձակապես է իշխում, ու էստեղ միայն իմ կարծիքն է, որ որեւէ մեկի կողմից հաշվի չի առնվում, որովհետեւ էստեղ բոլորն էն կարծիքին են, որ գեղարվեստական գրականությունն էն բնագավառն է, որի մասին կարծիք կարող են հայտնել բացարձակապես բոլորը, որովհետեւ գեղարվեստական գրականությունը, ի տարբերություն ֆիզիկայի կամ, ասենք, մաթեմատիկայի, միանգամայն մասսայական ու հանրամատչելի առարկա է, եւ քանի որ ինքս էլ եմ գրականության մասին կողմնակիների կարծիքներն ավելի կարեւորում, քան՝ գրողներինն ու մանավանդ գրականագետներինը, առանձնակի հաճույքով եմ հանդուրժում, որ Օրթախն ու մյուսներն էդ մերձգրական վեճերի ու կռիվների ժամանակ նվաստիս կարծիքն արհամարհեն ու հաշվի չառնեն, բայց էս  պահվածքս էլ ներկաներին ու մասնակիցներին չի բավարարում, որովհետեւ երբ իրենցից  ցանկացածի ցանկացած կարծիքի հետ մեծ հաճույքով ու առանց որեւէ հակաճառության համաձայնվում եմ, էս դեպքերում էլ մտածում են թե՝ հետները գլուխ չեմ դնում ու լայաղ չեմ անում հետները գրականության հարցեր քննարկել,  բայց ես հո գիտեմ, որ հակառակ դեպքն անհամեմատ վտանգավոր ու պայթյունավտանգ է. այսինքն, եթե տեղի տալիս ու սկսում եմ հետները գրականությունից խոսել եւ գրական հարցեր քննարկել, էս դեպքում էլ վրա տալիս ու ժամերով  սկսում են ձեր խոնարհ ծառային բացատրել, որ գրականության հարցերն ու գրողներին քննարկելն ամենեւին էլ գրողների ու գրականագետների մենաշնորհը չի, եւ առաջին հերթին Օրթախն է էդպես կարծում, եւ ներկաներից որեւէ մեկը որեւէ հարցում Օրթախին չի հակաճառում՝ ոչ միայն էն պատճառով, որ գիշերվա էդ ուշ ժամին Օրթախի մեքենայով ենք տուն հասնելու, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ Օրթախը բավական կարեւոր  պաշտոն զբաղեցնելով՝ բոլորին է լավություն արել ու անում, եւ ում էլ որ չի արել՝ հաստատ մի օր անելու է, որովհետեւ Օրթախ Աբոն կյանքում երկու բանից է ամենամեծ հաճույքն ստանում՝ մարդկանց լավություն անելուց եւ երկրորդ՝ երբ մարդիկ անխոս համաձայնվում են իր գնահատականներին՝  հատկապես գեղարվեստական գրականությանը վերաբերող հարցերում, ինչպես նաեւ արվեստի մյուս ճյուղերի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ քաղաքական ու մանավանդ ներքաղաքական հարցերի վերաբերյալ, եւ Օրթախի գրական, գեղարվեստական ու քաղաքական գնահատականների ու եզրակացությունների հետ բոլորս էլ հիմնականում համաձայնվում ենք, որովհետեւ Օրթախը գրեթե բոլորին է լավություններ արել, եւ ում էլ որ դեռեւս լավություն չի արել, մի օր հաստատ անելու է, ու էդ է պատճառը, որ Օրթախի լավություններն արդեն տեսածներս գրականության, արվեստի ու քաղաքական հարցերում Օրթախին ավելի հաճախ ենք հակադրվում ու հակաճառում, քան նրանք՝ ում Օրթախը նոր պիտի լավություն անի, եւ սրանց համաձայնվողականությունն էլ է միանգամայն բնական ու տրամաբանական, որովհետեւ մարդ արարածն էն արարածն է, որն ավելի շատ ապագայի հույսերով ու ակնկալիքներով է սնվում ու ապրում, քան՝ անցյալով, ու էս ասածս նույնիսկ հայերիս է վերաբերում, ու էդ է պատճառը, որ Օրթախից  լավություններ ակնկալողներն ավելի հեշտ են համաձայնվում Օրթախի գրականագիտական, արվեստաբանական ու քաղաքագիտական դատողությունների հետ, եւ, Հայկունուն չհաշված, ես եմ ամենից հաճախ Օրթախին հակադրվում՝ մանավանդ գրականության հարցերում, որովհետեւ գրականության հարցերում Օրթախի հետ գիտակցաբար ու հիմնականում առերես համաձայնվելով՝ երբեմն ինձ չեմ կարողանում տիրապետել ու երբեմն-երբեմն հակաճառում եմ, որովհետեւ եթե Օրթախի, Հայկունու եւ մյուսների համար գրականությունը ժամանցի  առարկա ու խոսակցության թեմա է, ինձ համար նախ եւ առաջ աշխատանք է, ընդ որում՝ միանգամայն տանջալի ու միանգամայն անշնորհակալ աշխատանք,  ու էս աշխատանքիս մեջ շարունակ հանդիպում եմ հազար ու մի դժվարությունների ու բարդությունների, որոնց մասին ոչ ընթերցողներս գիտեն եւ ոչ էլ՝ Հայկունն ու Օրթախը, եւ չնայած էս գործիս մեջ ինձ հանդիպող էդ ասածս բարդություններից մեկն անձամբ Հայկունուն է վերաբերում, ողջ աշխարհի գրականությունն ու ողջ աշխարհի գրողներին իր քսանբալանոց սիստեմով  անցկացրած ու գնահատած Հարությունյան Հայկունու մտքի ծայրով էլ չի անցնում, որ հիմա՝ հենց էս պահին անձամբ ինքն անձամբ ինձ համար բավական լուրջ խոչընդոտ է հանդիսանում, ավելի ճիշտ՝ ոչ թե անձամբ Հարությունյան Հայկունին է խոչընդոտ հանդիսանում, այլ՝ Հարությունյան Հայկունու Հայկունի անունը, որովհետեւ, երեւի դուք էլ նկատած կլինեք, ես Հայկունու անունը տարբեր ձեւերով եմ գրում ու հոլովում, եւ դա միանգամայն տրամաբանական ու միանգամայն բնական է, որովհետեւ Հայկունու անունն օրենքով ու անձնագրով Հայկունի է, ընդ որում՝ ոչ թե հոլովված ձեւն է Հայկունի, այլ՝ ուղիղ ձեւը, մինչդեռ ընկերական եւ նույնիսկ ոչ ընկերական շրջապատում իրեն ոչ թե Հայկունի են ասում, այլ՝ Հայկուն, եւ, բնականաբար, Օրթախն ու օրթախականներս էլ ենք Հայկունուն մշտապես Հայկուն ասում, այլ ոչ թե՝ Հայկունի:

 

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930