«ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ստորագրել են, այսօր ունենք այն, ինչ ունենք»,- այսօր «Հայելի» ակումբում կոալիցիայի ձեւավորման հետ կապված ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը՝ նշելով, որ դրան ինչ-որ բան ավելացնելու կարիք չկա. «Փաստաթուղթը բաց է, կարող են այլ քաղաքական ուժեր եւս միանալ այդ փաստաթղթին: Բնական է, որ կոնկրետ ինձ համար ցանկալի եւ ընդունելի կլինի, որ մեծ թվով քաղաքական ուժեր մասնակցեն եւ վերցնեն պատասխանատվություն»:
Դիտարկմանը, որ կոալիցիա ստեղծելը նշանակում է խուսափել պատասխանատվությունից, Արտակ Դավթյանը պատասխանեց.«Չեմ կիսում այդ տեսակետը, որովհետեւ ընդհանրապես ճիշտ կլիներ որոշակի համաձայնության գալ որոշակի հարցերի շուրջ, գոնե այն հարցերի շուրջ, որտեղ տեսակետները համընկնում են: Մեզ մոտ դասական օրինակներից իրականությունը տարբերվում է: Ընդդիմությունը ներկայացնում է, որ ամեն ինչ վատ է, մենք կործանվում ենք: Եթե ամեն ինչ վատ է, ապա ինչո՞ւ մասնակցություն չունենալ, բոլորիս ուժերով համատեղ հաղթահարենք վտանգները: Կարծում եմ որ առաջիկայում որոշակի զարգացումներ կլինեն, կոալիցիան կընդլայնվի, քաղաքական այն ուժերը, որոնք ոչ միայն ասելիք ունեն, այլեւ անելիք ունեն, գործով կապացուցեն իրենց արտահայտած մտքերը»:
Ժամանակին ՀՀ Գերագույն Խորհրդի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ներկայումս ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքերով՝ «Եթե մի կուսակցություն իշխանություն ունի, ուրեմն ինքը կոալիցիայի անհրաժեշտություն չունի: Հայաստանում կա Սերժ Սարգսյան, եւ եթե ցանկացած մարդ չի միանում կոալիցիային, ուրեմն իրեն հավատարիմ մարդ չես: Հատկապես, եթե դու հարուստ մարդ ես: ԲՀԿ-ի՝ կոալիցիայում լինելու հարցը Սերժ Սարգսյանը կարող էր լուծել 5 րոպեում, եթե նման ցանկություն ունենար: Հայաստանում մի հայտարարության համար զրկում են բիզնեսից, հայտնվում է բանտում, ինձ թվում է՝ այդպես հարմար է առաջին հերթին իշխանությանը,որ մի ուժ կոալիցիայից ընդդիմություն դառնա, չգիտեմ, չեմ հավատում հարուստ մարդկանց ինքնուրույնությանը՝ Հայաստանում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ