Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու է միջազգային հանրությունը «սիլի-բիլի» անում Ադրբեջանի հետ

Հունիս 08,2012 13:39

«Ոչինչ չեմ կարող բացառել, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կընթանա համագործակցությունը, դա ժամանակը ցույց կտա»,- այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴՄ նախագահ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է իր ղեկավարած կուսակցությունը միանա ՀՀԿ-ին: Պարոն Հարությունյանը նշեց, որ ՀՀԿ-ի հետ իրենց համագործակցությունը գալիս է դեռևս նախորդ գումարման ԱԺ-ից: Անդրադառնալով ՀՀԿ-ի ստացած 44% ձայներին՝ Խ. Հարությունյանը նկատեց, որ դրանք ավանսավորված քվեներ են, և նոր կառավարությունը դեռ պետք է ձեռք բերի ժողովրդի վստահությունը:

Պարոն Հարությունյանը խոսեց նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից կատարված դիվերսիոն գործողությունների մասին և փաստեց. «Ադրբեջանը չի բավարարվում խաղաղ  կարգավորման սկզբունքներով: Նա շանտաժի է  ենթարկում միջազգային հանրությանը: Դիվերսիոն գործողությունների մի ամբողջ շարք իրականացրեց այն դեպքում, երբ ԱՄՆ պետքարտուղարը գտնվում էր տարածաշրջանում: Ուստի Ադրբեջանը ձեռնոց է նետում ոչ թե Հայաստանին, այլ միջազգային հանրությանը: Գնդակը հիմա գտնվում է միջազգային հանրության դաշտում: Այդուհանդերձ, զգալով կոնկրետ սպառնալիքը, որ տարածաշրջանը կանգնած է լուրջ վտանգի առաջ, միջազգային հանրությունը շարունակում է սիլի բիլի անել Ադրբեջանի հետ. ոչ մի կոնկրետ հայտարություն ոչ ՌԴ-ի, ոչ ԱՄՆ-ի կողմից չկա»: Խ.Հարությունյանը, գնահատելով հայկական կողմի դիրքորոշումը, նշեց, որ անհրաժեշտ էր ադեկվատ պատասխան տալ կատարավածին: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իսկ ՀՀ-ի պատասխանն արդյո°ք ադեկվատ էր: Պարոն Հարությունյանը պատասխանեց. «Նկատի ունեմ ադեկվատ՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական առումով: Ռազմական առումով տրվեց ավելի քան ադեկվատ պատասխան, սակայն դիվանագիտական հարթությունում  նոր պետք է քայլեր արվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930