Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան «Դիլիջանը»՝ պլյուս աշխարհահռչակ արտիստներ

Հունիս 08,2012 13:33

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հերթական անակնկալը

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնը հունիսի 10-17-ը կհյուրընկալի Լոս Անջելեսի «Դիլիջան» միջազգային փառատոնին, որի հիմնադիրն է ամերիկահայ ճանաչված երաժիշտ Մովսես Պողոսյանը: Վերջինս 2011-ին ստացել է «ֆորտե» մրցանակ՝ կատարողական արվեստում ունեցած նշանակալի ձեռքբերումների, նոր եւ ժամանակակից երաժշտության զարգացման համար: «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանն «Առավոտի» հետ զրույցում վկայակոչելով հանրահայտ փառատոների կողմից այլ փառատոներ հյուրընկալելու պրակտիկան՝ ասաց, որ «Դիլիջան» հայկական անունով ոչ հայկական փառատոնը հյուրընկալելը իրենց առաջին փորձն է եւ մեծ պատիվ. «Փառատոնը մեր Դիլիջան քաղաքի հետ ոչ մի կապ չունի, այնտեղ ելույթ են ունենում դասական կատարողական արվեստի աշխարհի մեծանուն երաժիշտները: Նման երաժիշտներ հրավիրելը մեզ համար բնավ նորություն չէր: Չեմ ուզում մեծամտել, բայց «Երեւանյան հեռանկարները» շատ ավելի մեծ անունների է հյուրընկալել: Ինչ վերաբերում է «Դիլիջանին», ինձ ուրախացրեց այնտեղ հայկական գործոնը. ամեն տարի այդ փառատոնի համար պատվիրում են հայ կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ, որոնց թվում են՝ Տիգրան Մանսուրյանը, Աշոտ Զոհրաբյանը, Մարտուն Իսրայելյանը, Վաչե Շարաֆյանը, ես: Կարեւորն այստեղ այն է, որ այդ հայ երաժշտությունը հնչում է անվանի կատարողների միջոցով»: Մեր զրուցակիցը հավելում է, որ Հայաստանում առաջին անգամ է «Դիլիջանը» նման ներկայացուցչական կազմով (Քիմ Քաշքաշյան, Միշել Զուկովսկի, Թոնի Արնոլդ, Վլադիմիր Չերնով, Կյունգ-Հի Կիմ-Սյուտր, Կունիկո Կատո, Ռոհան դե Սարամ եւ այլք): «Բոլորը հնչեղ անուններ, մոտ 19 երաժիշտ, որոնք 8 համերգի շրջանակներում շուրջ 12 հայազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողները կլինեն Հայաստանում: Եթե այս տարի ուրիշ ոչինչ չանենք, սա բավական է, որովհետեւ մի մեծ փառատոնի ծրագիր է: Բայց մեր փառատոնը իր վրա վերցրել է շատ ավելի մեծ ֆունկցիա, հետեւաբար խոշոր միջոցառումները շարունակվելու են, օրինակ, նախատեսել ենք Վենգերովի այցը Հայաստան, կհյուրընկալենք նաեւ Եվգենի Կիսինին»,- ասում է պարոն Ռոստոմյանը:

Նրանից տեղեկացանք, որ առաջիկայում «Երեւանյան հեռանկարներն» է հյուրընկալվելու այլ փառատոների կողմից՝ Բեռլինի, Էդինբուրգի, Լոնդոնի: Քանի որ լոսանջելեսյան «Դիլիջանի» շրջանակներում հունիսի 11-ին այց է նախատեսված Դիլիջան քաղաք եւ համերգ՝ տեղի արվեստի դպրոցում, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հենց Դիլիջան: «Հայաստանը միայն Երեւանը չէ, ունենք ցավալի պրակտիկա, որ ամեն ինչ կենտրոնացված լինի մայրաքաղաքում, ինչը ճիշտ չէ: Կոնկրետ մենք, ամեն տարի գոնե մեկ անգամ լինում ենք Վանաձորում կամ Գյումրիում: Այս տարի էլ որոշեցինք համերգ ունենալ Դիլիջանում: Շատ կուզենայինք՝ լինել Արցախում, ուղղակի 1-2 օրով Հայաստան եկած աշխարհահռչակ երաժիշտները չեն կարող 5 ժամ գնալ, 5 ժամ էլ վերադառնալ: Իմ երազանքն է մեր նախկին՝ հոգեւոր երաժշտության ծրագիրը իրականացնել Գանձասար եկեղեցում: Ինչ խոսք, Արցախը պետք է զորացնել ամեն ինչով՝ մեր մելիքներն ու հաղթողները Արցախից են, ի վերջո այնտեղ են Գրիգոր Լուսավորչի թոռան մասունքները»,-հայտնեց Ստեփան Ռոստոմյանը:

Նա ափսոսում է, որ չունենք բացօթյա դահլիճներ, մանավանդ Հայաստանի կլիմայական պայմանները թույլ են տալիս տարեկան 8-9 ամիս բացօթյա համերգներ ունենալ: Նրա խոսքով, որոշ աստղեր պատրաստ են գալ Հայաստան, պայմանով, որ գոնե մինչեւ 15000-անոց դահլիճ կամ համալիր լինի: Խոսելով հայաստանցի ունկնդրի մասին, մեր զրուցակիցը փաստեց, որ դասական արվեստի դեմքերը ամեն անգամ Հայաստան այցելելիս զարմանում են, փաստելով, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում դասական երաժշտության ունկնդիրը մեծահասակներն են՝ սպիտակ մազերով մարդիկ. «Օրինակ՝ «Տոկիո» լարային քառյակի համերգին 1200 տեղանոց «Արամ Խաչատրյան» համերգասրահում 1800 մարդ կար, ընդ որում՝ 90 տոկոսը երիտասարդությունն էր: Երաժիշտները զարմացած էին, ասում էին՝ դուք մեծ ապագա ունեք: «Երեւանյան հեռանկարների», որը նախկինում «21-ի հեռանկարներ» էր, գոյության 13 տարիների ընթացքում փառատոնի նպատակը բարձրարժեք մշակույթի հետ ժողովրդին մերձեցնելն էր: Առաջին տարիներին կատակում էինք, թե բեմի վրա ավելի շատ մարդ կա, քան դահլիճում, հիմա պատկերը այլ է, որովհետեւ երբեք չենք խաբել ունկնդրին, միշտ նշաձողը բարձր ենք պահել: Արդեն, երբ լսում են «Երեւանյան հեռանկարներ», վստահ են, որ բարձրարժեք բան պիտի լինի»:

Պարոն Ռոստոմյանը չի «կիսում» այն կարծիքը, թե Հայաստանը փառատոնաշատ է, ասում է՝ Էստոնիան եւս փոքր երկիր է, ի տարբերություն Հայաստանի, որ ունի 3-4 փառատոն, ինքը 30-ն ունի: Այս ուղղությամբ պետք է մտածել, որովհետեւ, ըստ նրա, աշխարհում երկրներն ավելի շատ «առաջ են գնում» ոչ թե տնտեսությամբ, այլ հարուստ մշակույթով:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930