Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Ժողովրդական լեզվով ասած՝ դա բայղուշություն է»

Հունիս 08,2012 13:31

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը տպավորված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարած այցից, որը երկրորդն էր երկու տարվա ընթացքում, այն առումով, որ «ի հեճուկս բոլոր խոսակցությունների եւ ոմանց ցանկությունների», ԱՄՆ-ը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանը եւ մտադրություն չունի զիջել իր դիրքերը: Նա ասաց, որ «Ազատ դեմոկրատների» մոտեցումը մշտապես եղել է այն, որ Հարավային Կովկասը պետք է լինի համագործակցության հարթակ եւ ոչ թե բախումների տարածաշրջան: Այս առումով ողջունելով ԱՄՆ պետքարտուղարի այցը՝ նախկին արտգործնախարարը հույս ունի, որ այն համագործակցության նոր խթան կհանդիսանա:

Բանախոսը նաեւ դատապարտում է նման բարձրաստիճան պաշտոնյայի այցի նախօրեին եւ հաջորդած օրերին Ադրբեջանի կողմից կազմակերպված բացահայտ սադրանքը՝ վերջին սահմանային միջադեպերը: Նա կարծում է, որ այդպիսով Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել միջազգային հանրության, մասնավորաբար, Մինսկի խմբի համանախագահության վրա, որոնցից մեկն էլ ԱՄՆ-ն է՝ ԼՂՀ հարցն իր ուզած ձեւով կարգավորելու համար: «Պատերազմը հնարավոր է վերսկսվի այն պարագայում, երբ Ադրբեջանը գտնի, որ տարածաշրջանում  ուժերի բալանսը խախտված է, եւ իր բանակը կարող է հարցին ռազմական լուծում տալ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով. «Ես վստահ եմ, որ բալանսն ինչպես որ եղել է հօգուտ Հայաստանի եւ ԼՂՀ-ի պաշտպանության բանակի՝ շարունակում է մնալ այդպիսին: Ադեկվատ պատասխաններ եղան, էլի կլինեն եւ բոլոր ոտնձգություններն արժանվույն պատասխան կստանան: Այստեղ շատ կարեւոր է, որ բանակի պրոֆեսիոնալ գործողություններին զուգահեռ լինի պրոֆեսիոնալ մակարդակի դիվանագիտություն: Ինչը, ցավոք, չենք տեսնում: Տեսեք ինչպիսի ակտիվությամբ է աշխատում ադրբեջանական դիվանագիտությունը. իրենք հարձակվում են, պրովոկացիա են անում եւ իրենք էլ մեղադրում են Հայաստանին կամ Ղարաբաղին»: Այստեղ, նախկին արտգործնախարարը այլ ենթատեքստ էլ է տեսնում՝ ներքաշել Հայաստանին կոնֆլիկտի մեջ:

Հարցին՝ չե՞ք կիսում որոշ ընդդիմադիրների մոտեցումը, որ ռազմական բալանսը խախտվում է՝ հօգուտ ադրբեջանական նավթադոլարների կողմը, մանավանդ, որ Հայաստանն էլ կոռումպացված երկիր է, բանախոսը պատասխանեց. «Պատերազմը եւ ԼՂՀ հարցն այն եզակի հարցերից մեկն է, որտեղ խոսք է գնում մեր բոլորի երեխաների կյանքի եւ բոլորի անվտանգության մասին՝ անկախ կուսակցական պատկանելություններից: Ընդդիմադիր լինես, թե իշխանության մաս կազմես, շատ վտանգավոր է նման հայտարարություններ անելը: Ժողովրդի լեզվով՝ դա բայղուշություն է կոչվում: Այո, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ նավթային եկամուտներն ուղղի ու սպառազինությունների աննախադեպ մրցավազք է սկսել: Այո, Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգ է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է պաշտպանենք մեր սահմանները: Եթե Հայաստանը քրեաօլիգարխիկ համակարգ է, ինչի հետ ես համամիտ եմ, ապա Ադրբեջանը տասնապատիկ քրեաօլիգարխիկ է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Ադրբեջանը գիտակցի, որ հարցի ռազմական լուծումը հեռանկար չունի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930