Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական եւ եվրոպական նորաձեւության ցուցադրություն Բուխարեստում

Հունիս 08,2012 13:28

 Հունիսի 7-ին Ռումինիայի նորակառույց Ազգային գրադարանի ընդարձակ սրահում բացվեց «Նորաձեւության ճանապարհ. երկխոսություն սահմանների միջով» եվրոպական շրջիկ ցուցահանդեսը, ուր ներկայացված էր հնգական հայ ու եվրոպացի երիտասարդ նկարիչ-մոդելավորողների համատեղ հավաքածուն:

Ցուցահանդեսի բացումը կատարեցին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինական մշակույթի ինստիտուտի փոխնախագահ Տանիա Ռադուն, Բրիտանական Խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Նշելով, որ «Նորաձեւության ճանապարհ. Երկխոսություն սահմանների միջով» եվրոպական շրջիկ ցուցահանդեսը միանգամայն ճիշտ տեղից է մեկնարկել, քանի որ Ռումինիան եւ՛ աշխարհագրորեն, եւ՛ պատմականորեն Եվրոպայի հարավ-արեւելյան դարպասն է եւ մեզ` հայերիս, համար եվրոպական տարածքի վրա թերեւս ամենամոտը, բացման իր խոսքում դեսպան Գասպարյանը հավելեց. «Հայ-ռումինական ընդհանուր արժեքները բացում են դռները եւ մտքերը: Այցելեք Սուչավայի հայկական վանքեր եւ եկեղեցիներ, մտեք Բուխարեստի Հայոց թանգարան, գնացեք հիանալու Գեռլայի եւ Դումբրավենի հայկական շքեղ տաճարներով եւ շինություններով, Տրանսիլվանիայի Հայոց թանգարանով, եւ կհամոզվեք, թե ինչպես են միաձուլվել հայկականն ու ռումինականը, այդ ձուլումից ինչ արժեք է ստացվել: Լսեք ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանի իմպրովիզացիաները, ուր խառնված են հայկական ու ռումինական մեղեդիները, կարդացեք 20-րդ դարի վայրիվերումների մասին պատմող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպը, ուր մեր ժողովուրդները կիսել են դառնություններն ու ուրախությունները: Դուք կրկին կհամոզվեք, թե ինչ զորավոր ուժ ունի խոսքը, արվեստը եւ մշակույթը: Կարծում եմ, այս մասին մենք անընդհատ պետք է պատմենք երիտասարդ սերունդներին, հրավիրենք նրանց շփվելու եւ մտերմանալու այդ արժեքների հետ, ճանաչելու մեր համատեղ անցյալն ու ժառանգությունը` միասին առաջ շարժվելու, եվրոպական մեր ընդհանուր տունը միասին կառուցելու համար»:

Այնուհետեւ համատեղ աշխատանքի եւ իրենց մոդելների մասին պատմեցին ռումին մոդելավորող Անդրա Կլիցանը եւ հայ մոդելավորող Արամ Նիկոլյանը:

Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ հունիսի 24-ը: Հունիսի 8-ին ռումին եւ բրիտանացի մասնագետներ, ինչպես նաեւ մոդելավորողներ Անդրա Կլիցանն ու Արամ Նիկոլյանն անցկացնելու են վարպետության դասեր:

Ռումինիայում մեկնարկած ծրագիրը մինչեւ ընթացիկ տարվա վերջը շարունակվելու է  Գերմանիայում (հուլիս), Դանիայում (օգոստոս), Մեծ Բրիտանիայում (սեպտեմբեր) եւ Չեխիայում (հոկտեմբեր): Հայկական կողմից ծրագրի մյուս մասնակիցներն են մոդելավորողներ Քրիստինե Ավետիսյանը, Լուսինե Կոստանյանը, Գայանե Սողոմոնյանը եւ Անի Իսկանդարյանը: ԵՄ EUNIC հաստատության կողմից հովանավորվող ծրագրի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Ռումինական մշակույթի ինստիտուտը, Գյոթեի ինստիտուտը, Դանիական մշակույթի ինստիտուտը եւ Չեխական կենտրոնը, որոնց հետ համագործակցում է Նորաձեւության հայկական խորհուրդը:

Հայկական եւ եվրոպական երկրների ազգային տարրեր պարունակող այս հավաքածուն փետրվար-ապրիլ ամիսներին արդեն ցուցադրվել է Երեւանում եւ Հայաստանի երեք մարզերում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930