Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական, վարչական վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները՝ 0.0.0

Հունիս 08,2012 13:25

Դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, կոչված է պետության անունից արդարացի լուծում տալու անձանց միջեւ ծագած իրավական վեճերին: Վարչական, վարչական վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները, լինելով պետական իշխանություն իրականացնող դատական իշխանության մարմիններ, լուծում են տալիս անձանց ու պետական մարմինների միջեւ ծագած վեճերին եւ այս առումով կարեւոր է, որ այդ դատարանները հանրությանն առավել վստահություն ներշնչեն, որպես պետական իշխանության մյուս ճյուղերից անկախ դատարաններ: Այդ անկախության երաշխիքներից կարեւորագունը, կարծում եմ, դատարանների գործելն է հանրային վերահսկողության ներքո, ինչն այսօր, պրակտիկորեն բացակայում է: Արդյունքում՝ բացակայում է նաեւ հանրության վստահությունը դատարանների՝ որպես իրական արդարադատություն իրականացնող մարմնի նկատմամբ:

Այդ անվստահությունը հատկապես դրսեւորվում է ՀՀ կառավարության նորմատիվ որոշումների վիճարկման գործերով: Նշված գործերն, ի դեպ, վարչական ու վարչական վերաքննիչ դատարանների կողմից քննվում են 5 դատավորի կազմով, իսկ վճռաբեկ դատարանում՝ էլ ավելի մեծ կազմով:

Մեր կողմից հարցում է արվել եւ դատական դեպարտամենտից պատասխան է ստացվել այն մասին, որ 2008թ.-ից 2011թ. ներառյալ ՀՀ վարչական դատարանում մուտք է եղել ՀՀ կառավարության նորմատիվ որոշումների վիճարկման 30 գործ: Պատասխանում նշված են նաեւ գործերի համարները:

Ծանոթանալով այս գործերի վերաբերյալ կայացված դատական ակտերին՝ պարզվում է, որ վարչական դատարանի կողմից կառավարության նորմատիվ որոշումներն անվավեր ճանաչելու ցուցանիշը 0 է, վարչական վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների մոտ նույնպես այդ ցուցանիշը 0 է:

Ի՞նչ եք կարծում, հանրությունը, փաստաբանական համայնքը կարո՞ղ է, արդյոք, վստահել նման 0-ական ցուցանիշ ապահովող դատարաններին, թե՞ կառավարությունն այնքան կատարյալ է գործում, որ նրա նորմատիվ որոշումներն անթերի են: Բայց այդ դեպքում իր հայրենիքը թողած՝ ո՞ւր է փախչում մեր բնակչությունը: Մի տարբերակ էլ կա. մեր դատարանները պարզապես վախենում են կառավարության նորմատիվ որոշումներն անվավեր ճանաչել, դա նրանց համար չափազանց ռիսկային է:

Ի դեպ, գործերից մեկով դեռեւս 1997թ.-ին սեփականաշնորհված ընկերությունը վիճարկում էր կառավարության այն որոշումը, որով իր սեփական, ավելի քան 1000քմ շինություններով զբաղեցված եւ քաղաքապետի որոշումով 50 տարի ժամկետով վարձակալության իրավունքով իրեն հատկացված հողամասը, կառավարության որոշումով, վարձակալության եւ գնման նախապատվության իրավունքով տրվել է հարեւանությամբ գործող ընկերությանը, այն էլ՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հիմքով: Վարչական դատարանը մերժեց հայցը՝ չնշելով որեւէ օրենք, որով կառավարությանը նման իրավունք է տրված, վերաքննիչ դատարանը՝ գործի քննությանը առաջին ատյանի դատարանում մասնակցած դատավորի կազմով, այսինքն՝ ոչ օրինական կազմով քննելով, մերժեց վերաքննիչ բողոքը, իսկ վճռաբեկ դատարանն առանց պատճառաբանության վերադարձրեց վճռաբեկ բողոքը: Նման գործերի ցանկը կարելի է շարունակել, սակայն լավագույն կողմնորոշիչը 0-ական ցուցանիշն է:

Ահա այսպիսին են 0-ական ցուցանիշ ապահովող մեր դատարանները՝ գտնվելով հանրային վերահսկողությունից դուրս, անում են ինչ ուզում են, պատասխանատու չեն ոչ ոքի առջեւ, բացառությամբ՝ վերադասների:

Օրինակի համար ասեմ, որ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող են ճանաչվում բազմաթիվ օրենքներ, որոնք ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, քան կառավարության որոշումները: Բնական է, որ այդ դատարանի հանդեպ վստահությունը շատ ավելի մեծ է:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Փաստաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930