Ասում է Փաստաբանների հանձնախմբի անդամ, փաստաբան Կարեն Մեժլումյանը
– Փաստաբանների կողմից որպես բողոքի ակցիա հունիսի 11-ին իրականացվելիք գործադուլի վերաբերյալ «Առավոտում» հարթակ տրամադրվեց նաեւ դատավորների անունից արտահայտած այն տեսակետին, որ դա ապօրինի է, քանի որ հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին, ոչնչով հիմնավորված չէ: Ինչպե՞ս եք գնահատում ասվածը:
– Մենք, որպես փաստաբանական համայնք, որեւէ կազմակերպության աշխատակիցներ չենք, որ գործադուլն արվի Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Սահմանադրությունն ու «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքն էլ չեն արգելում բողոքի ակցիան իրականացնել գործադուլի, այսինքն՝ դատական նիստերին ու նախաքննությանը չմասնակցելու միջոցով: Ասեմ ավելին, մենք քննարկում էինք նաեւ դատադուլ եզրույթի օգտագործման հնարավորությունը, սակայն քանի որ այդ օրը բոյկոտելու ենք ոչ միայն դատական նիստերը, այլ նաեւ քննչական գործողությունները, դրա համար էլ նպատակահարմար գտանք օգտագործել գործադուլ եզրույթը:
– Դատավորները պատճառաբանում են, թե հավաքվել է ընդամենը 5 փաստաբան եւ հանդես են գալիս 2/3-րդի անունի՞ց:
– Այդ պատճառաբանությունները, որ «հավաքվել է ընդամենը 5 փաստաբան, ստեղծել հանձնախումբ, եւ իրենց իրավունք են պահել որոշում ընդունել Հայաստանի ամբողջ փաստաբանների 2/3-ի անունից», ինչից ելնելով «ակնհայտ է դառնում, որ Փաստաբանների պալատը ոչնչով չի զիջում խիստ կենտրոնացված ոստիկանության համակարգին», նման է մեր դատավորների կայացրած այն դատական ակտերին, որոնց մասին կխոսենք գործադուլի ժամանակ. չհիմնավորված ու օբյեկտիվ իրականության հետ որեւէ կապ չունեցող:
– Չի բացառվում, որ վաղը Ձեզ մեղադրեն ուղղորդված շարժման մասնակցելու մեջ:
– Նախ ասեմ, որ փաստաբաններին հնարավոր չէ պարտադրել ինչ- որ բան անել, առավել եւս՝ գործադուլ, քանի որ փաստաբանի մասնագիտությունը նպաստում է նրա անկախությանն ու ազատությանը, փաստաբանը հրաման կատարող չէ:
Իրականությունն այն է, որ դժգոհությունը իրավապահ մարմիններից ու հանրային վերահսկողությունից դուրս մնացած դատարաններից ու հատկապես վճռաբեկ դատարանից՝ վաղուց է առկա: Այդ մարմինների գործունեությունը հաճախակի քննարկման առարկա է դառնում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ փաստաբանների մասնագիտական էջում, որտեղ էլ քննարկում ծավալվեց ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու մասին: Պայմանավորվեցինք ՀՀ փաստաբանների պալատի ակումբում խնդրի վերաբերյալ քննարկում կազմակերպել, որին մասնակցեցին աննախադեպ քանակությամբ փաստաբաններ, այնպես, որ ՓՊ դահլիճում ոչ միայն նստելու, այլ նաեւ կանգնելու տեղ չկար: Բազմաթիվ առաջարկներ արվեցին, եւ ներկա փաստաբաններն էլ ընտրեցին 5 փաստաբանից կազմված հանձնախումբ՝ ներկայացրած առաջարկները ի մի բերելու եւ հետագա քայլերը կոորդինացնելու համար, ինչն էլ անում ենք՝ մեր որոշումներն ընդունելով եւ այլ փաստաբանների հետ քննարկումներով:
– Կան փաստաբաններ, որոնք ավելի կտրուկ քայլերի կողմնակից են:
– Այո, փաստաբանների մի մեծ խումբ մեզանից պահանջում է շատ ավելի կտրուկ քայլեր, այդ թվում՝ երկարաժամկետ գործադուլ, սակայն մենք որոշեցինք այս անգամ սահմանափակվել մեկօրյա գործադուլով:
Այնպես որ, մեր բողոքի ակցիան պիտակավորել փորձող դատավորները թող չփորձեն քաղաքացիական հասարակության ինստիտուտ՝ փաստաբանությանը համեմատել իրավապահ մարմին- ոստիկանության հետ, այլ թող իրենց մասին մտածեն, արդյո՞ք արդարադատություն իրականացնելիս իրենք անկախ ու անաչառ են, ինչն օրենքի պահանջն է, թե՞ նաեւ հրաման ու պատվեր կատարող են:
Վերջում ասեմ, որ գործադուլի միջոցառման ժամանակ մենք ոչ միայն կոնկրետ փաստերի վկայակոչմամբ մեր բողոքն ենք արտահայտելու, այլ նաեւ իրավիճակը շտկելու առաջարկներ ենք անելու:
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ