Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե գյուղերում հույս դնես վարչական լծակների վրա, հաստատ կկործանվես»

Հունիս 08,2012 13:21

Փոխնախարարին  նախազգուշացնում են շիրակցի գյուղապետերը

Նախորդ օրը ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը եկել էր Գյումրի՝ շիրակցի գյուղապետերին հորդորելու ու միաժամանակ ստիպելու, որ սկսեն ուժեղ տեմպերով հավաքագրել սեփական եկամուտները: Ըստ փոխնախարարի՝ վիճակը տխուր է, հարկերի հավաքագրումը կտրականապես նվազել է հատկապես վերջին հինգ ամիսների ընթացքում՝ անցած տարիներին արձանագրված 90 տոկոսից իջնելով 10, 20, 30 տոկոսի: Չնայած հավաքված գյուղապետերից եւ ոչ մեկը այդքան համարձակություն չունեցավ ոտքի կանգնելու ու պարոն Տերտերյանին դեմ առ դեմ ասելու, որ մեղավորը հենց իրենք են, քանի որ ընտրությունների նախաշեմին անպարտաճանաչ հարկատուներին խրախուսեցին, նրանց 1994-2008 թվականներին կուտակած հարկերը զեղչեցին, այդուհանդերձ՝ փոխնախարարի թիկունքից նրանք բավականին զայրացած իրենց դժգոհությունն էին հայտնում: Բանն այն է, որ ընտրությունների նախաշեմին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այցելելով սահմանամերձ գյուղեր, գյուղացիներին սիրաշահելու համար որոշեց համայնքային բյուջեի հաշվին լավություն անել հարկատուներին: Նրանք, ովքեր չէին մուծել 1994-1995թթ. մինչեւ 2008 թվականի հարկերը, այլեւս անհանգստանալու կարիք չունեին, այն զիջվեց ոչ թե գյուղապետին ծանոթ-բարեկամ մեջ գցելով, այլ պետական մակարդակով: Սա, գյուղապետերի մեկնաբանմամբ, ծանր նստեց գյուղական խղճուկ բյուջեի վրա, քանի որ այդ տարիներին հարկերը պարտաճանաչորեն մուծած գյուղացիները հիասթափվեցին նման խտրական վերաբերմունքից ու այժմ հրաժարվում են գումարներ տալուց: «Անհավասար դաշտ ստեղծեցին, նման կերպ չէր կարելի վարվել, անպարտաճանաչներին խրախուսեցին, երես տվեցին, իսկ պարտաճանաչներին կեսբերան շնորհակալություն չհայտնեցին: Էնքան վիրավորական է, որ այսօր «Ջիպ» քշողը ավտոն ճռռացնելով կանգնում է գյուղապետարանի դիմաց ու հարցնում՝ իմը ինչքա՞ն զեղչվեց, իսկ դու թոշակառուի մուծած հարկով ստիպված ես գյուղի փողոցները ասֆալտապատել, որ ջիպավորը հարթ փողոցներով իր մեքենան քշի»,- նեղսրտած ասաց գյուղապետերից մեկը՝ խնդրելով իր անուն-ազգանունը չհրապարակել՝ ավելորդ քաշքշուկների մեջ չընկնելու համար: Վերջինս ծիծաղեց նաեւ փոխնախարարի այն խոսքերի վրա, թե օրենսդրական փաթեթ են մշակում, համաձայն որի՝ գյուղապետերը վարչական ակտեր են գրելու ու անպարտաճանաչ հարկատուներին դատի են տալու: «Չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, բայց էդ մարդը երկնքի՞ց է իջել, վերջը՝ փոքր գյուղ է, բոլորն իրար տես ու ծանոթ, ազգական ու բարեկամ են. եթե գյուղերում մարդկային հարաբերություններով չաշխատես, հույս դնես վարչական լծակների վրա, հաստատ կկործանվես, պիտի կարողանաս նաեւ գյուղացուն սիրաշահել, շոյել, վերջը՝ դիմացը ՏԻՄ ընտրություններ են, եւ հետո գյուղերում լավ է աչքդ ելնի, քան անունդ, հիմա էլ կլյաուզնիկի անուն վաստակե՞նք, իբր ի՞նչ է ասում Տերտերյանը»,- ասաց մեր զրուցակիցը:

Մենք մոտեցանք նաեւ Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանին՝ նրան խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞ւ է սեփական եկամուտների հավաքագրումը այդքան նվազել: «Նախորդ տարվա այս ժամանակահատվածում սեփական եկամուտների հավաքագրումը 75 տոկոս է կազմել, իսկ այս տարի՝ 10 տոկոս: Հիմնականում նվազել է այն պատճառով, որ մարդիկ լավ տեղեկացված չեն մինչեւ 2008 թվականը զեղչվող հողահարկի ու գույքահարկի մասին օրենքից: Մարդը լրիվ հակառակ բանն է հասկացել, մտածել է, որ կարող է մեկ ուրիշը գա, մյուս չորս տարվա համար էլ էն մյուսը զեղչի, էլ ի՞նչ հողի հարկ, էլ ի՞նչ բան:

Ժողովրդին բացատրում, հասկացնում ենք, որ չկա նման բան, գոյություն ունի վաղեմության ժամկետ, որը երկարացվել է 10 տարով, հետո ամեն հարկ ու տուրքը պիտի բռնագանձվի»,- ասաց գյուղապետը: Մեր այն հարցին էլ, թե նման արտոնություն շնորհելով՝ փորձա՞նք բերեցին համայնքային բյուջեի գլխին, գյուղապետն ասաց. «Չէի ասի՝ փորձանք է, բայց մինչեւ դզենք, տեղը բերենք, հսկա ժամանակ է հարկավոր, ես չեմ, որ պիտի ասեմ՝ օրենքը ընդունե՞ն, թե՞ չէ. եթե օրենքը ընդունում են, ուրեմն պարտավոր ենք էդ օրենքի հետ համահունչ շարժվել, ես չեմ օրենքը ստեղծողը, օրենքը ստեղծել են իրենք, ես էլ պարտավոր եմ կատարել: Հիմա պիտի աշխատանք տարվի, էս մեկ-երկու ամսվա ընթացքում հնարավոր չէ շտկել, բայց մինչեւ տարեվերջ պիտի շտկենք»: Մեր այն հարցին էլ՝ ինչպե՞ս եք շտկելու, գյուղացիներին հարկերը չվճարելու համար դատի՞ եք տալու, գյուղապետն ասաց. «Ես դատի տվող չեմ, դատի տվողները միշտ դատարաններում են, ես ժողովրդին բացատրում եմ, ես 4 տարի աշխատում եմ՝ մեկին դատի չեմ տվել, չկա նման բան»,- նեղսրտեց Գալուստ Ավետիսյանը:

Կարմրավանի գյուղապետ Ֆելիքս Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ անցած տարի 60-65 տոկոս պլան է կատարել, բայց հիմա 20 տոկոս էլ չկա: «Պատճառն այն է, որ կաթի գինը օրական ընկնում է, անասունների մթերման կենտրոն չունենք, անասունը վաճառելու հետ կապված խնդիր կա, գյուղացին հող էլ չի մշակում, գյուղացին պիտի լավ ապրի, որ մենք էլ լավ զգանք, կոպիտ ասած՝ գլուխ կախելու տեղ չունենանք, ռիսկով վերցնենք ձեռքից հողի հարկը ու ծառայեցնենք գյուղի զարգացմանը: Հողահարկի ու գույքահարկի համար տրված արտոնություններն էլ որոշ չափով ազդեցին հարկերի գանձման վրա»,- ասաց գյուղապետը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930