Լրահոս
Օրվա լրահոսը

2013-ին Տեր-Պետրոսյանը չի՞ առաջադրվի

Հունիս 08,2012 13:12

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը խորհրդարանում փորձելու է մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին ազդել օրենսդրական նախաձեռնությունների վրա՝ առաջընթաց ապահովելով այն օրենքների համար, որոնք բխում են հանրության շահից: Այդ մասին այսօր «Պաստ սկրիպտում» մամուլի ակումբում հարտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նարչության անդամ Ալեքսանդր Արզումնյանը, ով ԱԺ պատգամավոր դարձավ «Ժառանգության» համամասնական ցուցակով:

Անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» տարաձայնությունների մասին անընդհատ շրջանառվող խոսակցություններին, բանախոսը նկատեց. «Ամեն նոր բան խանդ է առաջացնում, եւ, ինչպես ասում են, որոշ մարդիկ խաշած ձվի մեջ էլ են մազ փնտրում: Նոր է ստեղծվում, նոր, միասնական թիմ է. համենայնդեպս, ընտրական շրջանում միասին ենք բոլոր հարցերին լուծումներ տվել: Ինչ արդյունք եղավ՝ այլ հարց է: Ընտրությունների արդյունքների հետ, բնականաբար, չի կարելի համաձայնել: Կփորձենք երեք խմբերի՝ «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» եւ հանրային սեկտորի միասնական շահը ներկայացնել խորհրդարանում: Ընթացքում կլինեն տարաձայնություններ: Հենց դրա համար էլ մենք ազատական մարդիկ ենք եւ դեմ ենք, որ լինի մեկ մարդու տեսակետ, որը փաթաթվի մյուսներին»:

2013-ին «Ազատ դեմոկրատները» կունենա՞ն նախագահի սեփական թեկնածուն, թե կսատարեն «Ժառանգության» թեկնածուին՝ այս հարցին ի պատասխան Արզումանյանն ասաց, որ առաջիններից որեւէ մեկն այս պահին նման հավակնության մասին չի հայտարարել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերին իր որոշումը կհստակեցնի. «Եթե պարոն Հովհաննիսյանը որոշեց առաջադրվել, ակնհայտ է, որ լինելով միասնական թիմի մաս, մենք կաջակցենք իր թեկնածությանը»:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության հետ խորհրդարանական համագործակցությունը, քանի որ սկզբունքային տարաձայնությունների պատճառով «Ազատ դեմոկրատները» տակավին վերջերս լքեցին Հայ ազգային կոնգրեսը, Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «ԱԺ-ն այն հարթակն է, որտեղ տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներով, պետք է փորձեն ընդհանրական լուծումներ գտնել եւ այդ հարթակում չհամագործակցելը որեւէ ուժի հետ, ուղղակի աբսուրդ է: ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն մեզ պես ընդդիմադիր ուժեր են, եւ պարզ է, որ շատ ավելի շատ ընդհանուր մոտեցումներ ունենք: Մենք համագործակցելու ենք կոնկրետ գաղափարի շուրջ, ոչ թե՝ մարդու, ու պարտադիր չէ, որ մենք լինենք միեւնույն կառույցից, ունենանք փոխադարձ համակրանք, բայց պարտադիր է, որ մենք պրոֆեսիոնալիզմը գերադասենք եւ քննարկենք խնդիրն՝ ըստ էության, մոտեցումների համընկման պարագայում միասնական պաշտպանենք այն: Մենք համագործակցելու ենք բոլոր խորհրդարանական ուժերի, անշուշտ եւ առաջին հերթին ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի»:

Ի դեպ, բարձրաձայնելով սեփական կարծիքը, Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ 2013-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը չի առաջադրի: Նա հրաժարվեց բացատրել իր նման համոզման պատճառը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930