Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինքնախոստովանական ցուցմունք

Հունիս 08,2012 13:10

Թիվ 30 ընտրատարածքի առեղծվածը

Համալսարանի կայքում տեղադրված որակավորման սերտիֆիկատ ստացած շրջանավարտների ցանկում նաեւ Էդմոն Մարուքյանի անունն է:

«Երրորդ հանրապետության օրենսդիրը» («Առավոտ», 31-ը մայիսի) հրապարակմամբ խոստացել էինք առաջիկայում ներկայացնել Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մեր հետաքննությունը: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում չորս անգամ անընդմեջ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված անկուսակցական Վիկտոր Դալլաքյանը, ով այս ընտրություններում մասնակցում էր Հանրապետական կուսակցության անդամի կարգավիճակով եւ վայելում էր նախագահ Սարգսյանի անվերապահ աջակցությունը՝ շատերի համար անակնկալ պարտվեց: Այդ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր դարձավ հանրությանը անհայտ, անկուսակցական Էդմոն Մարուքյանը: Հետընտրական վեճերի շրջանում Դալլաքյանը փորձեց վիճարկել վերջինիս գրանցումն իբրեւ պատգամավորության թեկնածուի, սակայն վեճը կիսատ թողեց: Լուրեր տարածվեցին, որ Մարուքյանը նախագահականում ունեցած հանդիպման արդյունքում կարգավորել էր իր գործերը:

Ինչեւէ, մեր ուսումնասիրությունների արդյունքում թիվ 30 ընտրատարածքում մայիսի 6-ին կայացած ընտրությունների մասին բավականին հետաքրքիր փաստեր արձանագրեցինք, որոնք, ի դեպ, օրերես իր հարցազրույցներից մեկում (05.06.2012, «Հրապարակ») անուղղակի հաստատել է նաեւ Մարուքյանը: Հասկանալով, որ իր կատարած կեղծիքը կարող է բացահայտվել, Մարուքյանը փորձել է խնամքով թաքցնել ԱՄՆ-ում մեկ տարուց ավելի բնակվելու փաստը՝ իր նախընտրական բուկլետում ընդհանուր ձեւով նշելով ԱՄՆ-ում սովորելու հանգամանքը՝ չնշելով կոնկրետ ժամկետ: Վերոնշյալ հարցազրույցում լրագրողի հարցին՝ ասում են, որ Դուք չնայած մեկ տարուց ավելի ապրել եք ԱՄՆ-ում, սակայն Ձեզ Հայաստանում մշտական բնակության փաստաթուղթ են տվել, Մարուքյանը պատասխանել է. «Ես բազմաթիվ տեղեր եմ սովորել, իսկ վերջին ուսումնառության վայրը եղել է Մասաչուսեթսի համալսարանը, որտեղ ես ստացել եմ ակադեմիական կրթություն, մագիստրոսի գիտական աստիճան: Բայց այդ ընթացքում Հայաստանից մշտապես չեմ բացակայել. գնացել-եկել եմ: Բացի այդ, երբ ես տեղեկանք էի ստանում, Խաչատուր Սուքիասյանը նման վեճ ունեցավ, եւ բոլորի տեղեկանքները մանրամասն ստուգվել են»: Հետաքրքիր է, թե պարոն Մարուքյանն ինչպե՞ս է հաջողել մեկ տարի ստացիոնար ուսուցում անցնել ԱՄՆ-ում եւ գնալ-գալ Հայաստան, ինչպես ինքն է ասել: Մարուքյանը 2009-ի օգոստոսից 2010-ի հուլիս ամիսը ուսանել է Մինեսոտայի պետական համալսարանի մարդու իրավունքների բաժնում: Ուսումը ֆինանսավորվել է համապատասխան ֆոնդերի կողմից: Նպատակն է՝ պատրաստել մարդու իրավունքների միջազգային փորձին տիրապետող մասնագետ, ով իր երկրում կդառնա մարդու իրավունքների պաշտպան-մարտիկ: Մարուքյանն ուսումն ավարտել է եւ ստացել համապատասխան սերտիֆիկատ: Այստեղ որեւէ արտառոց բան չէր լինի, եթե չլիներ մի բացառություն. ուսումնական հաստատության պաշտոնական կայքէջում նշված է, որ սերտիֆիկատ՝ որակավորում, ստանում են դասընթացն ավարտած այն ուսանողները, ովքեր լիարժեք հաճախում են դասընթացներին: Միաժամանակ, Մարուքյանը նաեւ այդ ընթացքում ստացել է «Հերբերտ Համֆրի» կրթաթոշակ, որը նույնպես տրվում է միայն դասընթացի ստացիոնար շրջանավարտներին, ինչպես նաեւ նման ուսանողներին բնակվելու համար սենյակներ են տրամադրվում հենց համալսարանում, ինչից նույնպես օգտվել է Է. Մարուքյանը: Նշյալ կայքերում տեղադրված տեղեկությունները ուղղակի պատասխանն են Էդմոն Մարուքյանի այն պնդման, որ ինքն ուսուցանելով ԱՄՆ-ում՝ այնտեղ չի բնակվել, այլ գնացել-եկել է: Ի դեպ, «Առավոտի» հետ հեռախոսազրույցում մեր մտահոգությունները հաստատեց նաեւ համալսարանի զարգացման ծրագրերի համակարգող Պատրիկ Ֆիննեգանը: «Առավոտը» նաեւ գրավոր հարցում է ուղարկել տվյալ ուսումնական հաստատություն՝ պարզելու համար, թե ինչպե՞ս կարող էր պարոն Մարուքյանը, ուսանելով այդ բուհում, ընդունելով հաստատության սահմանած կարգը, միաժամանակ մշտապես չբնակվել ԱՄՆ-ում:

Սա ուղղակի ապացույցն է նրա, որ հայաստանյան պատկան պետական մարմինները կոպտորեն խախտել են ՀՀ օրենսդրությունը եւ պարոն Մարուքյանին տեղեկանք տրամադրել՝ վերջին հինգ տարիներին ՀՀ-ում մշտական բնակության մասին, ու գրանցել պատգամավորության թեկնածու: Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 64 հոդվածի համաձայն՝ պատգամավորության թեկնածուն վերջին հինգ տարին պետք է մշտապես բնակված լինի ՀՀ-ում, իսկ համաձայն օրենքի՝ վեց ամսից ավելի ՀՀ-ից բացակայելուց հետո անձը պետք է հաշվառումից դուրս գա:

Ստացվում է, որ Մարուքյանը լավ «պապաներ» ունի, որոնք էլ աջակցել են, ավելի շուտ՝ օգտագործել են նրան որպես գործիք՝ Դալլաքյանի դեմ:

Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ի ուսումնական ֆոնդերն էլ բավականին գումար են ծախսել Մարուքյանին՝ մարդու իրավունքների միջազգային նորմեր եւ չափանիշներ, փորձ սովորեցնելու համար, որպեսզի վերջինս վերադառնա Հայաստան ու ոչ թե լծվի իր բուն գործառույթներին, այլ ճանապարհներ փնտրի՝ քաղաքական մեծամասնության հետ «ախպերանալու» ու իր հարցերը լուծելու համար: Համենայնդեպս, նման տպավորություն է ստացվում Մարուքյանի վերոնշյալ հարցազրույցի հետեւյալ հատվածից. «Բայց ընտրություններից հետո երկրում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, որի հետ պետք է հաշվի նստել: ԱԺ-ում կա ձեւավորված ամենամեծ խմբակցությունը, առանց որի քվեարկության հնարավոր չէ որեւէ հարց լուծել, եթե անգամ մնացած բոլոր ուժերը միավորվեն: Ես ռեալ պոլիտիկի, իրականության ռեալ ընկալման կողմնակից եմ. եթե ուզում ես որեւէ հարց անցկացնել, որի համար պետք է քվեարկի 66 պատգամավոր, ապա պետք է համագործակցես նաեւ ամենամեծ խմբակցության հետ. դա միանշանակ է»:

Հետաքրքիր է՝ մի՞թե Վիկտոր Դալլաքյանի դեմ դավադրություն կազմակերպած իշխանական հայտնի շրջանակներին սարսափեցրել էր այն, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ բացառիկ օրենսդրի համբավ ունեցող եւ հանրության կողմից ընդունված մտավորական քաղաքական գործիչը, որը ուներ նաեւ ՀՀ նախագահի անվերապահ աջակցությունը, հինգերորդ անգամ անընդմեջ ընտրվելով պատգամավոր՝ կարող էր, օրինակ, հավակնել ԱԺ նախագահի պաշտոնին: Ուստի իշխանական հայտնի խմբավորման կազմից ծրագրվել էր ամեն գնով արգելել Դալլաքյանի մուտքը Ազգային ժողով, որի նպատակով գտնվել էր անկուսակցական եւ կառավարելի դրածո: Այդ դերը կատարելու համար ընտրվել էր մեկը, ով չունենալով պատգամավոր առաջադրվելու իրավունք՝ իր բարձրաստիճան տերերի օգնությամբ ստացել էր կեղծ փաստաթուղթ՝ այդպիսով դառնալով առավելագույնս կառավարելի: Իշխանության վերոնշյալ խմբավորման թեկնածու լինելու մասին է խոսում նաեւ այն փաստը, որ օրերս թերթերից մեկին տված հարցազրույցում Մարուքյանը հանդես է եկել հետեւյալ ինքնախոստովանությամբ. «Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ որեւէ իշխանական կուսակցության, որեւէ գործչի հասցեին իմ կողմից քննադատական խոսք չի հնչել… ես հանդես չեմ եկել որպես ընդդիմադիր թեկնածու… հնարավոր է, որ եթե ես էլ լինեի ընդդիմության թեկնածու, ես էլ պարտվեի»: Իշխանական հայտնի խմբավորումը եւ քաղաքական այն ուժերը, ովքեր կեղծ փաստաթուղթ են նվիրել Մարուքյանին, առավելագույնս աջակցել են մայիսի 6-ին վերջինիս ընտրությունների ժամանակ: Մեր առաջիկա հրապարակումներում կանդրադառնանք այն հարցերին, թե, օրինակ, իրավապահ ո՞ր մարմնի ղեկավարի հրահանգով է Վանաձորի անձնագրային ծառայության ղեկավարը կեղծ փաստաթուղթ նվիրել Մարուքյանին եւ այդ մասին դժգոհել իր մերձավոր շրջապատում: Կամ՝ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը, որը Վանաձորի քաղաքապետի քենակալն է, ինչո՞ւ է կեղծ փաստաթղթի հիման վրա պատգամավորության թեկնածու գրանցել Մարուքյանին: Իշխանական հայտնի շրջանակի կողմից Դալլաքյանի դեմ ծրագրված դավադրության մյուս կոմպոնենտն այն էր, որ վանաձորյան մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ տեղական կառույցները հրահանգներ ստանալով Երեւանից՝ ոչ միայն աջակցել են Մարուքյանին, այլեւ քվեարկության օրը ընտրական հանձնաժողովները Դալլաքյանին տրված քվեաթերթիկները կազմակերպված ձեւով դրել են Մարուքյանի քվեաթերթիկների վրա կամ անվավեր դարձրել Դալլաքյանի օգտին տրված քվեաթերթիկները՝ օգտագործելով այն հանգամանքը, որ Վ. Դալլաքյանը ընտրական հանձնաժողովի անդամներ եւ վստահված անձինք չի ունեցել: Վերոհիշյալի մասին օրերս թերթերից մեկին տված հարցազրույցում Մարուքյանն անուղղակիորեն խոստովանում է. «Ինձ ընտրել են նաեւ ԲՀԿ-ականներ, ՕԵԿ-ականներ…»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930