Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ տարանջատում

Հունիս 08,2012 12:51

Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանեցին գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Այդ մեկնաբանությունների մի մասը չափից դուրս լավատեսական էին՝ կջարդենք, կփշրենք, կհասնենք Բաքու եւ այլն: Դրանք դատարկ ձեւակերպումներ են նախընտրական կարգախոսների նման՝ հաղթելու ենք, սարեր ենք շարժելու, հավատալու ենք, փոխելու ենք եւ այլն: Չգիտեմ՝ արդյոք նման մոտեցումը ոգեւորի՞չ է մեր քաղաքացիների համար: Անձամբ ես հակված եմ ցանկացած իրադարձություն ընդունել քննադատաբար, տեսնել բոլոր՝ դրական եւ բացասական կողմերը: Մասնավորապես, այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ պիտի հակառակորդը հնարավորություն ունենա մոտենալու մեր դիրքերին եւ դիվերսիոն գործողություններ կատարելու: Այո, հակառակորդին այդ գործողությունների համար պետք է պատժել, ինչը եւ արվում է: Բայց պետք է, ինձ թվում է, պատժել նաեւ այն հրամանատարներին, որոնք առաջին գծում կորցրել են իրենց զգոնությունը, ինչը եւ մարդկային զոհերի պատճառ դարձավ:

Բայց ինձ համար նույնքան անհասկանալի է որոշ ընդդիմադիրների արձագանքը՝ բա որ ասում էինք, որ սա քրեաօլիգարխիկ ռեժիմ է եւ այլն: Նախ՝ եթե ռեժիմները համեմատենք, ապա Ադրբեջանինը շատ ավելի քրեաօլիգարխիկ է, կոռումպացված եւ հակադեմոկրատական: Ի դեպ, այդ իսկ պատճառով վստահ եմ, որ հսկայական փողերը, որոնք այդ երկրում ծախսվում են սպառազինությունների վրա, կիսով չափ թալանվում են չինովնիկների եւ գեներալների կողմից: Երկրորդ՝ սահմանային միջադեպերն այն դաշտը չեն, որտեղ ընդդիմությունը պետք է փորձի ինքնահաստատվել եւ առավելություններ ստանալ իշխանությունների նկատմամբ: 1992-94 թվականների պատերազմի ընթացքում այդ ոճով էին քաղաքական պայքար մղում, մասնավորապես, ԱԺՄ-ն եւ Դաշնակցությունը: Նրանք, ովքեր դա այն ժամանակ դատապարտում էին, այսօր չպիտի նույնն անեն: Պատերազմի ժամանակ անասելի դժվարություններ կրած ժողովուրդը, այնուամենայնիվ, կարողացավ իր մեջ ուժ գտնել, չլսեց տեղական գործիչների վայնասունը եւ լուծեց այն պահին ազգի առաջ ծառացած խնդիրը: Հիմա էլ, չեմ կասկածում, նույնը կլինի: Իհարկե, փախչողները փախչում էին թե ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ, թե դրանից հետո եւ թե հիմա:

Ընդհանրապես մեր կարեւորագույն բացթողումներց մեկն այն է, որ մենք չենք տարանջատում պետությունն ու բանակը՝ մի կողմից եւ իշխանությունը՝ մյուս կողմից: Վերջինս, համաձայնեք, մի բարի պտուղը չի եւ երբեք այդպիսին չի եղել: Առաջինը, կարծում եմ, պատմական այս փուլում մեր ինքնության հիմքն է՝ ավելի շատ, քան Ավարայրի ճակատամարտը, Ցեղասպանության ողբերգությունը եւ նույնիսկ քրիստոնեության ընդունումը: Վատ, անորակ իշխանությունը, այո, հարված է հասցնում պետությանը եւ բանակին, ճիշտ այնպես, ինչպես վատ քաղաքացիները: Բայց քննադատության թիրախների ընտրության հարցում վերոհիշյալ սահմանազատումը պետք է գործի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930