Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը համամիտ է Հիլարի Քլինթոնի հետ

Հունիս 08,2012 12:37

Նախագահական նստավայրում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն, անդրադառնալով Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, ասել էր. «Մենք ուրախ ենք տեսնելու, որ Հայաստանը շարունակում է աշխատել` ամրապնդելու իր ժողովրդավարական ինստիտուտները, առաջ տանելու համար թափանցիկությունը, ազատ մամուլի իրավունքները, վերացնելու կոռուպցիան, հարգելու համամարդկային իրավունքները եւ ազատությունները: Շատ ուրախ էի, որ անցած ամիս Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների զեկույցները հիմնականում մրցակցային էին ու բաց, եւ թեկնածուները հիմնականում կարող էին տանել իրենց քարոզարշավները` առանց խոչընդոտների: Կային ընտրական որոշակի խնդիրներ, որոնք հստակեցվել են, եւ մենք հույս ունենք, որ Հայաստանը կաշխատի ԵԱՀԿ-ի ու այլոց հետ` երաշխավորելու, որ հաջորդ ընտրություններն է՛լ ավելի լավը կլինեն»:

Այսօր Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով տիկին Քլինթոնի հայտարարությունը՝ ՀՀ նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ առերեւույթ, իրապես, ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններում առաջխաղացում եղել է եւ գոհունակություն են հայտնել նաեւ գրեթե բոլոր հայաստանյան քաղաքական ուժերը, քանի որ  աննախադեպ հնարավորություն է եղել բոլորի  ասելիքները ժողովրդին հասցնելու, ընտրատեղամասերում ծեծ ու ջարդ, կրակոց, ահաբեկումներ, արտառոց դրսեւորումներ չեն եղել եւ ընտրական գործընթացն բուն ընտրատեղամասի տարածքում անց է կացվել բավականին նորմալ, օրենքներին համապատասխան: Այլ հարց, որ բանախոսի կարծիքով, կեղծարարության մեխանիզմները գնալով ավելի զարգանում եւ քաղաքակիրթ ձեւեր են ստանում Հայաստանում. «Աննախադեպ էր կաշառքների բաժանումը, վարչական ռեսուրսի օգտագործման բազմաթիվ դեպքեր են եղել, կեղծ բարեգործություն: Որ ԱՄՆ պետդեպը գոհ է մրցակցությունից, դա կարելի է հասկանալ, որովհետեւ, մի կողմից մրցակցային էին ընտրությունները: Իսկ ինչ վերաբերվում է ընտրակաշառքներին եւ մնացածին՝ դա մեր խնդիրն է: Ինձ, իրականում, շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ գնահատականներ կտան: Եթե մենք կարողանանք մեզանում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ հասարակությունը չընդունի՝ ապա ցանկացած միջազգային հանրություն կգա եւ կկանգնի հասարակության կողքին, ինչպես դա արվեց Վրաստանում, Ուկրաինայում եւ այլուր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930