Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցից:
– «Ժառանգության» համար ընտրություններն ինքնահաստատո՞ւմ էին, հաղթանա՞կ, պարտությո՞ւն, պարզունակ է ամեն ինչ հանգեցնել պատգամավորների թվին։
– Ինքնահաստատման մի քանի փուլեր արդեն անցել ենք եւ նման խնդիր չունենք։ Կուսակցությունը միանշանակ ունի իր դիմագիծը, որը չի շփոթվում, ունի իր համակիրների հստակ զանգվածը՝ անկախ ամեն ինչից։ Հաղթանակ-պարտությո՞ւն. այս ընտրություններում պարտվեցին բոլորը, պարտվեց ժողովուրդը, պարտվեց պետությունը, այս ընտրությունները խնդիրների լուծման չեն բերելու, եւ դա պարտություն է։ Ուղղակի սարսափեցնող էին համատարած ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի կիրառումը։
– Ի՞նչն էր սարսափելի, նորմալ, հայկական ընտրություններ էին։
Կարդացեք նաև
– Սարսափեցնող էր, որ հասարակության մի ստվար զանգված գնաց ընտրակաշառքի հետեւից։
– Մի՞թե կատարվածն այդքան անսպասելի էր։
– Հնարավոր էր, որ քաղաքացիների որոշակի մաս ընտրակաշառքով գնար քվեարկության, բայց այդպիսի քանակությունն ինձ համար իսկապես անսպասելի էր։ Դա բավականին վտանգավոր գործընթաց է։ Նկատի ունեցեք Չինարիի դեպքերը, դիվերսիոն հարձակումները, արդեն զոհերի մասին չեմ ասում, արդյո՞ք մենք քաղաքացու կարիք չունենք, որ պատրաստ է անձնվիրաբար պաշտպանելու իր հայրենիքը, կաշառք վերցնող անձը քաղաքացի կարո՞ղ է լինել, պատրաստ կլինի՞ պաշտպանելու իր երկիրը։ Արդեն չեմ ուզում խոսել սոցիալական-տնտեսական խնդիրների մասին, միայն անվտանգությունն եմ նշում։ Այս ընտրություններում քաղաքացիների մի մեծ զանգված իր դեգրադացիան ի հայտ բերեց։ Իհարկե, հարյուր հազարավոր քաղաքացիներ գայթակղությանը չտրվեցին եւ բարոյական քվեարկություն իրականացրին՝ ըստ իրենց համոզմունքների ու պատկերացումների։ Մեր հույսը պետք է լինեն այդ քաղաքացիները, եւ նրանցով պետք է առաջ շարժվենք ու դեգրադացված անձերից նորից քաղաքացի կերտենք։ Սա բարդ պայքար է լինելու, բայց խաղադրույքը դրված է երկու կետի վրա. մեկը, որ որպես պետություն, ազգ գոյատեւենք եւ պայքարելով հասնենք փոփոխությունների, երկրորդը՝ այս վիճակը կշարունակվի եւ ամեն տարի մի քանի տասնյակ հազար մարդ երկիրը կլքի ու ինչ-որ մի պահի որեւէ հարեւան մեզ ուղղակի իր մասը կդարձնի։ Ուրիշ ճանապարհ չկա, ամբողջ աշխարհը այդպես էլ կառուցվել է։ Նույնիսկ հզոր կայսրությունները, երբ դեգրադացվել են, շատ արագ կուլ են գնացել ավելի ուժեղին եւ վերացել են։ Հեռու չգնանք, հիշեք Բյուզանդական կայսրությունը, որ ենթակայության տակ աշխարհն ուներ, բայց այլասերվեց, եւ հատուցումը շատ չուշացավ։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Իրատես de facto»