Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան կարգավորման տեսանելի հեռանկարների շուրջը

Հունիս 08,2012 11:26

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանի եւ Սոչիի հանդիպումները առիթ տվեցին փորձագետներին նորից քննարկելու վստահության միջոցառումների խնդիրը: Սոչիում կողմերը մասնավորապես պայմանավորվեցին խրախուսել խորհրդարանական եւ հանրային դիվանագիտությունը: Եվ սա այն դեպքում, երբ այդ հանդիպումներից թե առաջ, թե հետո հակամարտության ամբողջ գծի երկայնքով չեն դադարել ռազմական սադրանքները, ոչ էլ նվազել է դիպուկահարների սպառնալիքը: Այստեղ 2012 թ. առաջին ամիսների հետաքրքրական նորությունն այն է, որ Խոջալուի ողբերգության մեղքը անհիմն կերպով Հայաստանի եւ հայերի վրա գցելու հետ մեկտեղ Ադրբեջանում սկսեցին խոսել խորհրդարանական դիվանագիտության ռեսուրսը փոխըմբռնման հասնելուն ծառայեցնելու մասին: Արժե՞ հիշեցնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարիներ շարունակ սկզբունքորեն դեմ էր հայ-ադրբեջանական ժողովրդական դիվանագիտական շփումներին եւ խորապես համոզված էր, որ եթե միջազգային խորհրդարանական եւ ոչ կառավարական ամբիոններն էլ որեւէ դեր ունեն, ապա դա միայն «ադրբեջանական ճիշտը» աշխարհին հասցնելն է եւ դրանով Հայաստանին «ծնկի բերելը»: Եվրոնեստի Բաքվում վերջերս կայացած վեհաժողովը մի ավելորդ վկայությունն է Ադրբեջանի նախագահի այդ մտայնությունների: Բայց այժմ կուզենայինք քննարկել մեկ այլ միտում, որը ուրվագծվեց 2011 թ. ընթացքում եւ այս տարի ծավալվելու իրական հնարավորություն ունի: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան դեռ անցյալ տարվա ամռանը հայտարարեց, թե հրավիրում է հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականներին համատեղ քննարկումների ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում: Բաքվում Եվրոնեստի վեհաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահի քարոզչական հարձակումներից հետո, հաջորդ օրը ադրբեջանցի խորհրդարականները ամբողջ օրը զրույցներ ունեցան հայ խրհրդարականների հետ, որոնց իմաստը հանգում էր հետեւյալին. «Դուք Ղարաբաղից չեք հրաժարվելու, մենք Ղարաբաղից չենք հրաժարվելու: Պատերազմի վերսկսման հավանականությունը իրական է եւ այն կարող է կործանարար լինել երկու երկրների համար: Մենք էլ ունենք ծնունդով ղարաբաղցի պատգամավորներ եւ ուզում ենք լինել Ղարաբաղում, ուզում ենք խոսել ղարաբաղցի հայերի հետ: Բերե՛ք նախաձեռնենք նման հանդիպումներ եւ շփվենք միմյանց հետ: Թող այդ հանդիպումներին ներկա լինեն հարգված քաղաքական գործիչներ Հայաստանից, Ղարաբաղից եւ Ադրբեջանից: Խոսե՛ք այս մասին ղարաբաղցի պատգամավորների հետ եւ եկե՛ք նախաձեռնենք առաջին հանդիպումը ձեր ընտրություններից հետո»: Հետաքրքրական է, որ նման դատողությունները անում էին ադրբեջանցի իշխանական եւ ընդդիմադիր դաշտերի տարբեր պատգամավորներ, ինչպես նաեւ ավանդաբար հայերի հետ երկխոսություն ծավալելու օգտին հանդես եկող ճանաչված հասարակական գործիչներ: Երեք շաբաթ առաջ Մոսկվայում զրույցի բռնվեցի ադրբեջանցի հայտնի պատգամավորներից մեկի հետ, որի պատգամը նույնն էր. «Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է պայմանավորվեն ուղղակիորեն եւ առանց միջնորդների: Եթե մենք նույնիսկ չենք լուծելու Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցը, ապա պետք է մտածենք երկխոսություն սկսելու եւ ճանապարհները վերաբացելու մասին: Ինչո՞ւ Մերձդնեստրյան հակամարտությունը չի խանգարում, որ Մոլդովայի եւ այդ չճանաչված երկրի միջեւ բոլոր կարգի հաղորդակցություններն ու շփումները բաց լինեն, իսկ Տիրասպոլի ֆուտբոլի թիմը խաղա Մոլդովայի առաջնությունում: Պետք է բացել ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհները եւ գուցե դա օգնի ավելի լավ լեզու գտնել Ղարաբաղի հարցում»: Ինձ համար զարմանալի չէր նման դատողություններ լսելը, բայց հետաքրքրական էր դրանք լսելը խորհրդարանականից: Ես մտածում էի, որ ավելի քան տասը տարի բոլոր միջազգային ատյաններում մենք չթուլացող ջանքեր ենք գործադրել ադրբեջանցիներին բացատրելու, որ տարածաշրջանային համագործակցությունը անդրսահմանային, բնապահպանական, ջրօգտագործման, հաղորդակցության եւ այլ հարցերում լավ միջոց են հակամարտության կողմերի միջեւ վստահություն հաստատելու համար: Բայց բոլորն էլ գիտեն, որ հայկական կողմի հորդորները այդ ամբողջ ընթացքում մնացել են անարդյունք, իսկ միջազգային հանրությունը զանազան կառույցներում եղել է անհաղորդ ադրբեջանական կարծր դիրքորոշումների պատճառով: Ադրբեջանցիները միշտ ասել են, որ մինչեւ չլուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը` Հայաստանի հետ ոչ մի համագործակցություն հնարավոր չէ: Ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել: Ինչո՞ւ են ադրբեջանական քաղաքական շրջանակների ներկայացուցիչները սկսել խոսել երկխոսության հաստատման, երկու հասարակությունների ներկայացուցիչների շփումների կարեւորության մասին: Մի՞թե Բաքվում վերանայել են ադրբեջանական ավանդական մոտեցումները այն բանից հետո, երբ Խոջալուն հայերի վրա բարդելու փորձերը ԵԱՀԿ տարածքի ոչ քաղաքական, ոչ էլ հասարակական շրջանակներում որեւէ արդյունք չտվեցին նույնիսկ ողբերգության քսանամյակի տարում: Կամ գուցե Ադրբեջանում իսկապե՞ս կարծում են, որ հայերին կարելի է ներշնչել մենակ մնալու գաղափարը եւ ինչպես որսի ճագարին` սկզբից շշմեցնել, իսկ հետո կուլ տալ: Իսկ գուցե եվրոպացիների եւ ամերիկացիների հորդորները կամ ճնշումնե՞րն են պաշտոնական Բաքվին մղում ընդառաջ քայլեր անել երկխոսության օգտին: Ամեն դեպքում, Քի Վեստին հաջորդած տասնամյակի ընթացքում առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլեւ արդեն Ադրբեջանում սկսել են խոսել բացի պաշտոնական դիվանագիտական մակարդակից մյուս բոլոր մակարդակներում շփումներ եւ երկխոսություն հաստատելու մասին: Սա մեկն է այն թարմ գաղափարներից, որոնք տարվա ընթացում կարող են զարգացում ունենալ:

Արամ ՍԱՖԱՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930