Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է ասֆալտապատման ծրագրերի իրականացման ընթացքին

Հունիս 08,2012 11:14

Երևանի քաղաքապետարանի 2012թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական և ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում:

Մայրաքաղաքում կապիտալ ու մասնակի ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր ծավալն այս տարի կկազմի մոտ երկու միլիոն քառակուսի մետր: Ըստ այդմ, 644.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կապիտալ հիմանորոգում կիրականացվի 26 փողոցներում, այդ թվում մայթերի նորոգում, եզրաքարերի փոխարինում, անձրևատարերի ու դիտահորերի նորոգում ու նորերի կառուցում, ինչպես նաև երթևեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում:

Շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում ծանոթացել է պաշտպանության նախարարության շենքին հարակից Բագրևանդի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այստեղ ճանապարհը կրկնակի լայնացվում է՝ դառնալով 14 մ լայնությամբ, յուրաքանչյուր կողմից ունենալով երկուական երթևեկելի շերտ:

Ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով որակի պահպանմանը: Պատասխանատուները զեկուցել են, որ գործընթացն իրականացվում է սահմանված ժամանակացույցի համաձայն և աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում:

Հիմնանորոգվող մյուս ճանապարհը երթևեկությամբ ծանրաբեռնված Մյասնիկյան պողոտան է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այստեղ շինարարներն աշխատում են կրկնակի ծանրաբեռնվածությամբ, որպեսզի օր առաջ ավարտեն գործն ու ճանապարհը լիարժեք երթևեկելի դառնա: Ծրագրի համաձայն այս ճանապարհահատվածում կասֆալտապատվի 120000 քմ մակերես:

Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցում ընթացող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, երթևեկելի գոտու ասֆալտապատմանը զուգահեռ, ամբողջությամբ վերանորոգվում են նաև մայթերը, փոխվում եզրաքարերը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել նաև մայթերի բարեկարգման աշխատանքների որակին:

Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը հետևել է նաև Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որտեղ երթևեկելի գոտու հարթեցման աշխատանքներն ավարտվել և շրջայցի պահին ասֆալտապատման աշխատանքներ էին ընթանում: Քաղաղաքապետը տեղում հետևել է նաև Սեբաստիա-Իսակով ուղեանցում ընթացող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին:

Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ կատարված աշխատանքների արդարացի գնահատականը կտան բնակիչներն ու, ըստ այդմ, պատասխանատուներին տեղում մեկ անգամ ևս հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը, վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու լինել աչալուրջ և հետևողական, որևէ թերություն կամ բացթողում բացառելու համար. <<Մայրաքաղաքում տարեկան ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների մոտ 60 տոկոսն արդեն մոտենում է ավարտին: Կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ և այդ աշխատանքները լինելու են շարունակական ոչ միայն կենտրոնական փողոցներում այլև բակային տարածքներում ու երկրորդական փողոցներում: Լուրջ ուշադրություն է դարձվում նաև մայրուղիների հիմնանորոգման խնդրին: Շրջայցի ընթացքում մենք որոշ թերություններ նկատեցինք, որոնք վերացնելու ուղղությամբ տեղում շինարարներին տրվեցին հանձնարարականներ: Պատասխանատուների առջև պահանջը հստակ է դրված` ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների ընթացքին ու որակին>>,- շեշտել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացված ճաքալցման և ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքներն անորակ կամ թերի կատարած կազմակերպություններին՝ քաղաքապետը նշել է, որ կապալառուներն արդեն սկսել են սեփական միջոցներով վերացնել  անորակ և թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունները:

2012-ի համակողմանի տարեկան ծրագիրը ներառում է նաև 25 գրունտային ճանապարհներ, այսինքն փողոցներ, որոնք առաջին անգամ են ասֆալտապատվելու: Գլխավոր և երկրորդական փողոցներից բացի, համալիր ծրագրի համաձայն իրականացվում է նաև ավելի քան 350 փողոցների, 400 բակերի, միջբակային ճանապարհների ու նրբանցքների, ինչպես նաև 80 փողոցների մայթերի բարեկարգում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930