Հատված ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հարցազրույցից:
– Պարոն Աշոտյան, ասում են՝ «Ժառանգության» նախկին պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին և Անահիտ Բախշյանին ԿԳ ոլորտում աշխատանք եք առաջարկել: Ճի՞շտ է:
– Ես ուզում եմ հաստատել իմ գործընկերներ, ԱԺ նախկին պատգամավորներ Անահիտ Բախշյանին և Արմեն Մարտիրոսյանին կրթական համակարգում տեսնելու պատրաստակամությունը: Արմեն Մարտիրոսյանը դասախոսում է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, իսկ ինչ վերաբերում է Անահիտ Բախշյանին, ապա հանրության համար շատ արդյունավետ և տեսանելի համագործակցություն էր ծավալվել նախարարության և նրա միջև, առհասարակ ԿԳ նախարարության և ԱԺ նախորդ գումարման քաղաքական կուսակցությունների, ԱԺ կրթության և գիտության հանձնաժողովի միջև: Ես շատ բարձր եմ գնահատում նախորդ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ համագործակցությունը կրթության ոլորտի օրենսդրության, առկա խնդիրների բարձրացման և լուծման հարցում: Հուսով եմ, որ ներկա Ազգային ժողովը նույնքան ապաքաղաքականացված կլինի ԿԳ ոլորտի օրենսդրական նախաձեռնությունները քննարկելիս, որովհետև նախորդ գումարման ԱԺ-ում, բացառությամբ մեկ-երկու նախագծի, մյուս օրինագծերն ընդունվել են քաղաքական փոխհամաձայնության պայմաններում: Այս ոլորտի օրենսդրությունը տեղիք չի տվել քաղաքական տարաձայնությունների և ենթակա էր միայն մասնագիտական քննարկումների: Հույս ունեմ, որ այս գումարման ԱԺ-ում ԿԳ ոլորտը նույնքան պրոֆեսիոնալ կաշխատի: Ինչ վերաբերում է տիկին Անահիտին, ես պատրաստ եմ իր աշխատանքային ունակություններին, կենսափորձին, մասնագիտական փորձին, աշխատասիրությանը համարժեք ուշադրություն ցուցաբերել: Մենք կարիք ունենք կրթության ոլորտի լավ մասնագետների, նվիրյալ մարդկանց համախմբման հանուն մեր ապագայի, և սա մաշված արտահայտություն չէ:
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Կարդացեք նաև
«Առաջին լրատվական»