Այս օրերին Հայաստանի տարբեր բնակավայրերում հողին են հանձնում ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհված մեր զինվորներին:
Պետությունը, սակայն, ի դեմս մեծ ու փոքր չինովնիկների, կրկին դրանց մասնակիցը չէ: Համենայնդեպս, անցած օրերին նման տեղեկատվություն այդպես էլ չհրապարակվեց: Մինչդեռ դա միայն կորուստ ունեցող ընտանքիներին զուտ բարոյական աջակցության խնդիր չէ: Իր զոհված որդու համար մղկտացող հոր կամ մոր համար միեւնույնն է` ինչ ռանգի չինովնիկ է կանգնած իր կողքին, կամ կանգնա՞ծ է, թե՞ ոչ: Դա պետք է մեզ` հասարակությանը` գոնե հիմա վերջապես զգալու պետության եւ իշխանության հետ մեր ներդաշնակությունն ու միասնականությունը, պետության պատասխանատվությունն իր յուրաքանչյուր զինվորի եւ առաջին հերթին` սահմանին խրամատներում հերթապահող ու ամեն վայրկյան թշնամու գնդակից խոցվելու վտանգի տակ գտնվող զինվորի առջեւ:
Ի՞նչ գիտենք ընկածների մասին. համարյա ոչինչ: Մինչդեռ առավել քան հիմա է պետք մեզնից շատերին հասկանալ` արդյոք միայն կրակելու հրամանին ենթարկվելը բավարա՞ր է գիտակցված ինքնազոհողության գնալու, չնահանջելու, չվախենալու, ահռելի պատասխանատվությունը պատվով կրելու համար: Մենք վաղուց չենք խորանում այս «մանրուքների» մեջ, որովհետեւ մեծամասամբ մոռացել ենք ըմբռնել իրական արժեքները, որովհետեւ դեռ չենք սովորել գնահատել մեր կողքին ապրող իրական հերոսներին, նրանց թաքնված արժանիքները եւ տարբերել կեղծ հակահերոսներից ու նրանց կեղծված արժանիքներից:
«Երկիր»