Հավանաբար բոլոր փոքր ժողովուրդներին է բնորոշ այն սնափառությունն ու պսեւդոհայրենասիրությունը, որն այս օրերին ամենուր աչք է ծակում։ Ամենուրեք հերոսացող, ավելի շուտ՝ աքլորացող մարդիկ, ովքեր, սահմանից եկող լուրերը լսելով, «քաջ նազար» են կտրում՝ գնանք թուրքին կոտորենք, Բաքուն դարձնենք արյան ծով, մեր պատմական սահմանները վերականգնենք եւ այլն։ Անշուշտ, երբ մեր հայրենիքին վտանգ սպառնա, եւ գա անայլընտրանք ընտրության պահը, կհայտնվեն այն հայրենասեր «մահապարտները», որոնք իրենց կյանքի գնով կպաշտպանեն Հայաստանն ու Արցախը։ Բայց ես վստահ եմ, որ դրանք այն մարդիկ են, ովքեր այս օրերին չեն պոռոտախոսում ու տաքուկ Երեւանից թշնամու դեմ սրեր չեն ճոճում։ Դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց խոսքով ու գործով երբեք պատերազմ չեն հրահրի, այլ ամեն ինչ կանեն, որ պատերազմը կանխվի եւ անիմաստ զոհեր չունենանք։
«Հրապարակ»