Մայիսի վերջին Ստամբուլում հինգ հայ եւ հինգ թուրք արվեստագետներ եւ ինտելեկտուալներ ներկայացրեցին իրենց մտքերն ու գաղափարները` ՊեչաԿուչայի երեկոյի ընթացքում:
Ճապոնացիների հորինած շփման այս ձեւը` Պեչակուչան (թարգմանաբար` «ասել-խոսել»), շատ երիտասարդ է` դեռ տաս տարեկան չկա, սակայն արդեն իսկ բավականին հայտնի եւ սիրված է աշխարհում, այդ թվում` Հայաստանում: ՊեչաԿուչայի յուրաքանչյուր մասնակից իր ասելիքը պետք է տեղավորի 20 կադրի մեջ եւ յուրաքանչյուր կադրը կարող է ներկայացնել ընդամենը 20 վայրկյանում: Հայաստանը ՊեչաԿուչայի անցկացման արտոնագիրը ձեռք է բերել ընդամենը երկու տարի առաջ, սակայն հասցրել է տասից ավելի ՊեչաԿուչա անցկացնել: Դրանցից մեկն էլ նախորդ տարի կայացած հայ-թուրքական ՊեչաԿուչան էր Երեւանում, որն իրականացվել էր «Եվրասիա» համագործակցության աջակցությամբ:
Այս տարի հերթափոխն ընդունել էր Ստամբուլը: Հինգ հայ եւ հինգ թուրք «ասող-խոսողները» ընտրել էին տարբեր թեմաներ: Օրինակ, Մայքրոսոֆթի հայաստանյան նորարական կենտրոնի աշխատակից Արմինա Մխիթարյանը ներկայացրեց իրենց կենտրոնի գործերից մեկը` Ռոբբի ռոբոտը, Էդուարդ Քանքանյանը` փողոցային արվեստը` գրաֆֆիտին, Հովակիմ Սաղաթելյանը Բուրսացի կաթողիկոս Հովակիմին էր նույնականացրել իր հետ եւ ներկայացրել էր նրա պատմությունը` առաջին դեմքով: Յերսու Քալաբային հետաքրքրել էր միայնակ ծնողի խնդիրը, անգամ նոր բառ էր հորինվել` ամուրի («բեքյար») եւ երեխա («չոջուխ») բառերից առաջացած «բեչոս» բառով ներկայացվում էր միայնակ ծնողը եւ հենց «Բեչոսն» էր դարձել միայնակ ծնողների համար նախատեսված սոցիալական մի ծրագրի անունը, որի մասին էր «ասում-խոսում» Յերսուն:
Կարդացեք նաև
Հետաքրքիր մոտեցում ներկայացրեց թուրք ճարտարապետ Անդ Ակմանը. ի ցույց դնելով բնության մեջ եղած երկու երես , երկու անուն եւ երկու դեմք ունեցող մի շարք անձեռակերտ հրաշքներ, ինչպես, օրինակ, Էվերեստն ու Ջոմոլունգման, Արարատն ու Մասիսը, եւ այլն, պարոն Ակմանը ցուցադրեց նաեւ իր նախագծած տներից մի քանիսը, որոնք նույնպես երկու դեմք ունեին: Իր աշխատանքով ճարտարապետն ուզել է շեշտել, որ որքան էլ տարբեր է նույն շենքը կամ նույն լեռը, նույն դաշտը` երկու հակադիր կողմերից նայելիս, սակայն միեւնույն է, դա հենց այդ նույն սարն է, շենքը կամ դաշտը…
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Թուրքիա- Երեւան