Կարդացի այդ բորբոսահոտ բարբաջանքը և ապշեցի մարդկային ճղճիմ մտքի անսահմանությունից: Տղամարդկությունից, հավատքից, սեռական նախասիրություններից խոսացողը նախ և առաջ համարձակություն պետք է ունենա և ներկայանա իր անունով, իր դեմքով: Այս դեպքում (խոսքը ՖԲ-ում տեղ գտած անանուն «ստատուսի» մասին է, որը «Առավոտը» չի տարածում` անանուն բամբասանքները չտիրաժավորելու նպատակով-խմբ.) գործ ունենք ինչ-որ ուրվականի հետ, որի մարմինը կենդանության օրոք, ըստ երևույթին, սեռաքաղցից բորբոսակալել է: Տողերի հեղինակը խրտնել է իմ հաճախակի ելույթներից, համերգներից, հեռուստատեսային ելույթներից, նման մարդու երակներում արյան փոխարեն լեղի է հոսում: Անդրշիրիմյան թղթակիցը հանրությանն է ներկայացրել իր հիվանդագին երևակայության պտուղները՝ դրանով իսկ փորձելով բարոյական վնաս հասցնել թե՛ ինձ, թե իմ մտերիմներին ու բարեկամներին, ինչի համար պետք է պատասխան տա: Ձախողված քայլ է, ինչի մասին են վկայում հոդվածին կից բազմաթիվ մեկնաբանությունները: Կոյուղի հիշեցնող հոդվածը կատարյալ հերյուրանք և անձնական վիրավորանք է, ամբողջովին բուրում է չարությամբ, ատելությամբ և նախանձով: Սովորաբար, ուրիշի ինտիմից շատ են խոսում նրանք, ովքեր լուրջ խնդիրներ ունեն անկողնում: Այս դեպքն էլ երևի բացառություն չէ: Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ: Խոսքի ազատությունը՝ նույնպես: Սանձարձակ, գռեհիկ, հիվանդագին խոսքի հեղինակը անպայման պետք է պատասխանատվություն կրի իր «թլպատ» մտքերի համար: Ես նրան անպայման կաջակցեմ այդ հարցում…
Երգիչ Մհեր Մեսրոպյան
Երգիչ Մհեր Մեսրոպյան