Իջեւանցի ոստիկանները Վանաձոր քաղաքում հայտնաբերել են վանաձորցի 30 տարեկան աղջկան, ով Իջեւանում խարդախություններ է կատարել: Նա Իջեւանում խարդախության 3 դեպքի «հեղինակ» է: Դեպքերից մեկով նա մի իջեւանցու համոզել է, որ կարող է վերջինիս համար շուկայականից կրկին էժան գնով բեռնատարի անվադողեր ճարել եւ դյուրահավատ քաղաքացուց վերցրել է 160 հազար դրամ: Կատարված խարդախությունների վերաբերյալ Իջեւանի ոստիկանությունում քաղաքացիներից հայտարարություններ են ստացվել, հարուցվել է քրեական գործ: Գործի քննությունը կատարում է ոստիկանության Տավուշի քննչական բաժինը: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ աղջիկը բաց է թողնվել, քանզի հանձն է առել վերադարձնել իջեւանցի դյուրահավատ քաղաքացիներից հափշտակած շուրջ 600 հազար դրամը:
Ոսկան Սարգսյան