Քննական կարգի համաձայն՝ հունիսի 1-ին կայացած միասնական քննությունների արդյունքները այսօր փակցվեցին քննական կենտրոններում: Եվ նույն կարգի համաձայն՝ կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն առարկաների բողոքարկումը տեղի ունեցավ արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ այն քննակենտրոններում, որտեղ դիմորդները քննություն էին հանձնել:
Մենք այցելեցինք Երեւանի թիվ 14 հիմնական դպրոցում ձեւավորված քննակենտրոն, ուր դիմորդները երեք առարկաներից էլ քննություն էին հանձնել:
Բողոքարկման դիմումներն ընդունող ԳԹԿ ներկայացուցիչ Վահան Գառգալոյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ բողոքարկումն ընթանում է հանգիստ մթնոլորտում, առանց զգացական պոռթկումների: Դիմորդները հստակ ձեւակերպումնրով են ներկայանում. բոլոր բողոքները կենսաբանություն առարկայի խնդիրների վերջնական պատասխանի հետ են կապված. դիմորդները չեն կլորացրել խնդրի պատասխանը, թողել են տասնորդական միավորով, մինչդեռ հրապարակված պաշտոնական պատասխանում կլորացված է եղել:
Կարդացեք նաև
Ընդհանուր պատմություն առարկայի քննական արդյունքի հետ Երեւանում անհամաձայնություն է հայտնել ընդամենը մեկ դիմորդ, իսկ աշխարհագրությունից որեւէ բողոք չի գրանցվել, կենսաբանությունից թիվ 14 դպրոցում ձեւավորված քննակենտրոնում բողոքարկել է 57 դիմորդ (այդ քննակենտրոնում կենսաբանություն առարկայից քննություն է հանձնել 211 դիմորդ): Հիշեցնենք, որ եթե վերանայվում է քննական առաջադրանքը, անկախ այն հանգամանքից՝ դիմորդը բողոքարկել էր, թե ոչ, փոփոխությունը անդրադառնում է բոլոր նրանց, ովքեր նույն քննական թեստի տարբերակն են լուծել:
Քննական կարգի համաձայն՝ բոլոր առարկաների բողոքարկումներին Բողոքարկման հանձնաժողովը տալիս է պատասխան բոլոր քննությունների ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում: Բայց ԳԹԿ-ն սովորաբար «խախտում» է կարգը, եւ բողոքարկմանը պատասխանում է ավելի շուտ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ