Այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 1-ին մրցույթ-փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը, որին մասնակցում էր 26 երաժշտական եւ հանրակրթական դպրոցի 625 երեխա, կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
3 գլխավոր մրցանակից բացի, նախագծի հանձնաժողովը սահմանել էր նաեւ 5 հատուկ մրցանակ: «Լավագույն դերակատար» հատուկ անվանակարգին արժանացավ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան Մարգարիտա Օգանովան: Խմբի ղեկավար Զարուհի Առուշանյանն Aravot.am-ի հետ զրույցում ողջունեց «Հազարան բլբուլի» անցկացումը եւ ցանկացավ, որ այն շարունակական լինի: «7-15 տարեկան սաների ջանքերով ցուցադրեցինք «Գայլը եւ 7 այծիկները», բայց մյուզիքլը, որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ սցենարը նոր է գրված, իսկ երաժշտությունը ստացել ենք տարբեր կոմպոզիտորների գործերի համադրումից,- ասաց Գ. Առուշանյանը՝ հավելելով,- Ցանկությունը մեծ է, որ մյուզիքլները գրվեն հայերեն՝ ռուսերենի փոխարեն, որովհետեւ հայալեզու մանկական մյուզիքլներ գրեթե չկան: Մինչդեռ մանուկները հաճույքով կբեմադրեն դրանք»:
Փառատոնին մասնակցում էին նաեւ մարզերի երաժշտական դպրոցները: «Լավագույն ինքնատիպ բեմադրություն» անվանակարգին արժանացավ Վեդու երաժշտական դպրոցը՝ «Չարի վերջը» մանկական օպերայի համար: Կկվի դերակատարուհի Արուս Հայրապետյանի խոսքով՝ փառատոնը երեխաների համար ապահովեց հաճելի եւ գեղեցիկ մթնոլորտ. «Խմբում 35 երեխա կա, բայց նրանցից յուրաքանչյուրը լավ էր հասկացել իր դերը: Մեզ համար հատկապես կարեւոր էր այն, որ մեծ բեմ բարձրացանք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ