Վաղը «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգին համաշխարհային թավջութակի երաժշտության գանձարանից Էլգարի Կոնցերտի կատարումով հանդես կգա անվանի երաժիշտ Ալեքսանդր Հյուլսհոֆը (Գերմանիա):
33-ամյա թավջութակահարը ցանկալի հյուր է ճանաչված դիրիժորների, նվագախմբերի ու համերգասրահների համար:
Առաջին անգամ Հայաստան հյուրախաղերի ժամանած Ալեքսանդր Հյուլսհոֆը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հայերի մասին ընդամենը գիտի, որ հինավուրց ու ավանդապահ ժողովուրդ են՝ հարուստ մշակույթով: Ինչ-ինչ պատճառներով մինչ օրս արվեստագետը չի հնչեցրել Խաչատրյանի հանրահայտ կոնցերտ-ռապսոդիան, սակայն, մեր զրուցակցի որակմամբ՝ այդ հանճարեղ երկին, որը ինքը դասում է Դվորժակի, Հայնի, Շումանի, Չայկովսկու թավջութակի համար գրված կոնցերտների շարքը, առաջիկայում կտա իր մեկնաբանությունը:
Երաժիշտը նշեց, որ ինքը հետեւում է արդեն 8-րդ անգամ Երեւանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին եւ ափսոսում է, որ չի կարող ներկա գտնվել այս օրերին ընթացող մրցութային փուլերին՝ նախապես պլանավորված հյուրախաղերի պատճառով:
Անվանի արվեստագետների հետ կապված դիպվածներից հայտնի է, որ երկու խոշոր անհատների ստեղծագործական մտերմությունը հաճախ դառնում է երկու ժողովուրդների բարեկամության հիմք, այնպես, ինչպես 1960-ականների սկզբին տեղի ունեցավ Խաչատրյանի եւ Ռոստրոպովիչի դեպքում՝ վերջինիս կողմից հայ կոմպոզիտորի Թավջութակի կոնցերտի առաջին կատարումից հետո: Նույնիսկ արցախյան պատերազմի տարիներին Ռոստրոպովիչը ցանկություն էր հայտնել մարդկային ձայնի հնչերանգին մոտ թավջութակով հանդես գալ պատերազմական գործողությունների կիզակետում՝ կրակոցները լռեցնելու նպատակով:
Ալեքսանդր Հյուլսհոֆից հետաքրքրվեցինք՝ ունի՞, արդյոք, հայազգի մտերիմ- բարեկամ: Նա տվեց միայն երիտասարդ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի անունը, հավելելով, թե Արեւմուտքում հանդիպել է այլ հայ երաժիշտների եւս, որոնց անուններն այս պահին դժվարանում է մտաբերել:
Դիտարկմանը, թե կարելի է ենթադրել, որ Արեւմուտքում ստեղծագործական բուռն կյանքով ապրող, համբավավոր երաժիշտը հնարավոր է իրեն թույլ տալ այնպիսի ճոխություն, ինչպես, օրինակ, ինքը՝ նվագելով 1691թ. իտալացի վարպետ Ջովանի Գրանչինոյի թավջութակով, Հյուլսհոֆը հակիրճ պատասխանեց. «Այդ հարցում աջակցել է ընտանիքս»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ