«Առավոտ երիտասարդականը» այս անգամ էլ որոշեց անդրադառնալ լուսանկարների մրցույթի հաջորդ հաղթողին՝ երկրորդ տեղը զբաղեցրած Զարուհի Ալեքսանյանին: Ծանոթանանք նրա ու նրա նախասիրությունների հետ:
Զարուհին 22 տարեկան է, ապրում է Երևանում: Ավարտել է Մշակույթի պետական քոլեջի հեռուստառադիոլրագրության բաժինը, որից հետո որոշել է ուսումը շարունակել Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչության բաժնում: Այժմ նա երկրորդ կուրսն է ավարտում: Մասնագիտության փոփոխությունը պարզաբանում է հետևյալ կերպ. «Պարզապես սիրում եմ լուսանկարչական արվեստը, բացի այդ, լրագրության մեջ ինձ շատ օգնում է: Երկու մասնագիտություններում էլ գործ ունես մարդու հետ: Շփումը շատ մեծ է: Լրագությունից ձեռք բերած գիտելիքներս օգնում են ավելի ճիշտ հասկանալ լուսանկարվող մարդուն….ճիշտ աշխատել նրա հետ, որպեսզի չկաշկանդվի ֆոտոխցիկից»: Ֆոտոլրագրող դառնալ չի ուզում, քանի որ ռեպորտաժներ նկարել չի սիրում, բայց եթե նյութը պահանջում է՝ նա կանի դա: Այն հարցին, թե լրագրողական գիտելիքներն է լուսանկարչության մեջ ավելի շատ կիրառում, թե՞ հակառակը, Զարուհին պատասխանեց. «Լրագրողական գիտելիքներս ավելի խորն են, իսկ լուսանկարչությունը դեռ ուսումնասիրում, սովորում, հայտնաբերում եմ: Բնականաբար լրագրողական գիտելիքներն եմ օգտագործում ավելի շատ»: Լուսանկարչությունը նրա համար հոբբի էր մինչև լուսանկարչական բաժին ընդունվելը, հուսով է, որ լավ մասնագետ է դառնալու: Նկարում է ամենատարբեր թեմաներով. կոնկրետ ուղղվածություն չունի. «Կարևորը իմաստավորել լուսանկարը, որ այն ասելիք ունենա, կապ չունի, կլինի դա սոցիալական թեմա, թե օրինակ` դիմանկար», – ասում է Զարուհին: Շատ երազանքներ ունի, որոնցից մեկն էլ հայրենասիրական ֆիլմեր նկարահանելն է. «Երազում եմ նկարահանել իմ ֆիլմը: Ունեմ գրված սցենարներ` թե ներկայացման, թե ֆիլմի համար: Հուսամ կիրագործեմ երազանքս», – նշում է նա:
Տիգրանուհի Թասլակյան