Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեր հարցին, թե ՀՅԴ-ն չի՞ պատրաստվում հայտարարությամբ հանդես գալ` Տավուշի մարզի Չինարի ու Բերդավան գյուղերի սահմանին Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների հետ կապված, ինչպես դա արել է «Ազատ դեմոկրատները»` այսպես արձագանքեց. «Մենք ուրիշների հայտարարություններով հո չե՞նք առաջնորդվի, ինչ է թե «Ազատ դեմոկրատներն» արել են, մե՞նք էլ պիտի հայտարարություն անենք, էդ ի՞նչ մի հայտարարություն է, որ պետք է անենք: Մեր դիրքորոշումը միշտ էլ ակնհայտ է եղել, մենք հայտարարություն չէ, որ պիտի անենք: Բոլոր այդ երեւույթներին հակահարված է պետք տալ` շատ խիստ»:
Այն պահանջին, որ պետք է վերանայել հայկական կողմից հակահարված տալու չափանիշները եւ 1-ին 10 հարաբերակցություն սահմանել, այսինքն` 1 սպանված զինվորի փոխարեն ոչնչացնել 10 հակառակորդ` Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Դեմ չենք այդ հարաբերակցությանը, մենք նման բանի դեմ պիտի լինե՞նք»:
Երբ նրան փոխանցեցինք, որ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը ասաց, որ դեմ է այդ հարաբերակցությանը, պարոն Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Իսկ ինքը քանիսի՞ն է կողմ: Կոշտ հակահարվածը դա է, որ իրենք պետք է իմանան, որ կորուստներ են ունենալու ամեն անգամ: Հիմա այդտեղ 10-ի հարցը չի, պարտադիր պետք է ինչ-որ թի՞վ լինի, հա՞: Պետք է հաշվե՞լ, թե հակահարվածի պարագայում քանիսին քանիսը լինի: Հարձակվողը ընդհանրապես մեկին` 3, մեկին 5 կորցնում է, միշտ այդպես է, ռազմական գիտություն է դա, հիմա այդ թի՞վն է այդքան կարեւոր»:
Անդրադառնալով Հիլլարի Քլինթոնի այցելությանը եւ առհասարակ միջազգային հանրության բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում նման դեպքերին ու կորուստներին` Արմեն Ռուստամյանը նշեց. «Շանտաժն է դա Ադրբեջանի, որեւէ բան այդտեղ չի փոխվել: Իրենք վախեցնում են նոր պատերազմով բոլորին, այդ թվում նաեւ` միջազգային հանրությանը, որպեսզի բոլորը գնան-խնդրեն Ադրբեջանին, որ հանկարծ նոր պատերազմ չսկսի»: Պատերազմի հավանականությունը պարոն Ռուստամյանի գնահատմամբ` միշտ էլ կա, որովհետեւ պատերազմը չի էլ ավարտվել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ