Երեկ ավարտվեց հայ եւ թուրք լրագրողների համատեղ ավտոբուսային շրջագայությունը` Թուրքիայում եւ Հայաստանում, որն իրականանում էր USAID-ի ֆինանսավորմամբ` «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի եւ GPՕT-ի SATR` «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում:
Վերջին օրը լրագրողները հանդիպեցին նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ: Պարոն դեսպանը, որ լավատեղյակ էր այդ շրջագայությունից, կատակեց, թե նախանձել է, երբ իմացել է, որ գնացել ենք Կապադովկիա, եւ պատկերացրել է, որ օդապարիկով թռչել ենք այդ քարանձավային բնակավայրերի վրայով: Իհարկե, պարոն դեսպանին անմիջապես տեղեկացրինք, որ օդապարիկներով թռչելու համար կարող է չնախանձել` այդ մի բանը չենք արել` ժամանակի եւ ֆինանսների սղության պատճառով:
Ապա, անցնելով ավելի լուրջ թեմաների, Ջոն Հեֆֆերնը, անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին, նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը` բոլոր մակարդակներում, կարեւոր է ոչ միայն ԱՄՆ-ի համար, այլեւ` ընդհանրապես տարածաշրջանի համար, սակայն է՛լ ավելի կարեւոր է, որ Հայաստանն ու Թուրքիան գիտակցեն այդ հարաբերությունների բարելավման նշանակությունը հե’նց իրենց համար:
Խոսելով այդպես էլ չվավերացված Արձանագրություններից, պարոն Հեֆֆերնն ասաց, որ դա մի լավ հնարավորություն էր մեր երկրներին տրված, սակայն, ցավոք Թուրքական կառավարությունը չցանկացավ առանց նախապայմանների սկսել հարաբերությունները եւ Ղարաբաղի հարցը` որպես նախապայման, մտցրեց շրջանառության մեջ: Այդպիսով, այս պահի դրությամբ, երկրների պաշտոնական մակարդակով հարաբերությունները շարունակում են սառեցված մնալ, սակայն շփումները հասարակության տարբեր խավերի միջեւ շարունակվում են:
Կարդացեք նաև
Պարոն դեսպանը նկատեց, որ ուսանողների փոխանակումը, քաղաքացիական հասարակության այլ խավերի շփումները որքան էլ կարեւոր են, սակայն լրագրողների պարագան այլ է` կա մուլտիպլիկացիոն էֆեկտ, եւ լրագրողների միջոցով հասարակության շատ ավելի լայն շերտերին է տեղ հասնում շփումների անհրաժեշտության եւ հարաբերությունների կարգավորման հրատապության հարցը: Պարոն Հեֆֆերնը ուզում էր լրագրողներից իմանալ, թե «ի՞նչ է լինելու հետո», «ի՞նչ եք անելու այս ծրագրից հետո, ինչի՞ն նպաստեց ծրագիրը»:
Թուրքական Today’s Zaman օրաթերթի լրագրող Սինեմ Չենգիզը այս կապակցությամբ ասաց, թե այս ավտոբուսային շրջագայությունը շատ յուրօրինակ հանդիպում էր, քանի որ «մենք` հայ եւ թուրք լրագրողներս, միասին տասնչորս օր անցկացրինք, միասին շատ բաներ տեսանք, կիսեցինք, իրար մոտեցանք, եւ մի մակարդակ ավելի բարձր հարաբերությունների անցանք: Մենք անցանք երեք երկրների սահմաններ, եւ ես հուսով եմ, որ սա վերջին անգամն է, որ մենք Վրաստանի միջոցով պիտի Թուրքիայից Հայաստան կամ Հայաստանից Թուրքիա գնանք»:
Դեսպանի հետ հանդիպման ժամանակ, ֆոտոլրագրող Ումուդ Վեդաթն անդրադարձավ ավելի զգայուն թեմաների. «Ես գիտեի, որ Ցեղասպանության հարցի վրա պետք է կանգ առնենք: Ես գիտեմ պատմությունը եւ ինքս ինքնուրույն կարողացել եմ ընդունել, որ Ցեղասպանությունը եղել է, բայց երբ եկա այստեղ, ես շատ ավելի խորը զգացի դա: Ես տեսա, որ Ցեղասպանությունը ամեն մարդու սրտի մեջ է եւ դուրս չի գալիս: Ես դա ավելի զգացի նաեւ Անիում: Ես չգիտեի Անիի կարեւորությունը հայերի համար: Ես չգիտեի Արարատի կարեւորությունը հայերի համար: Ես եկա այստեղ եւ տեսա, որ նրանք ամեն օր, ամեն վայրկյան, ամեն տեղից տեսնում են Արարատը, եւ Արարատը նրանց մեջ է: Եվ հիմա ես ունեմ մի գաղափար` լուսանկարների միջոցով այդ ամենը, որ ես տեսա, զգացի` ցույց տալ բոլորին: Ես հավատում եմ, որ երբ մարդիկ տեսնեն այդ ամենը, չեն կարող չհասկանալ: Կառավարությունն ուզում է մոռանալ, արհամարհել անցյալը, թողնել մի կողմ, բայց եթե մենք ցույց տանք այստեղի մարդկանց զգացումները` նրանք դա չեն կարող»:
Թուրքական «Վաթան» թերթի լրագրող Յիիթ խան Կայթմազն էլ նկատեց. «Ամենակարեւորն ինձ համար այն էր, որ մենք այս ճամփորդության ընթացքում հասկացանք, որ մենք տարբեր չենք, շատ նման ենք, անցնելով սահմանները, մենք տեսանք, որ մարդիկ, բնությունը, ճանապարհները նույնն են, ես տեսա նույն հյուրասիրությունը, նույն ուտելիքները, նույն դեմքերը, ինչ որ իմ երկրում: Եվ ես պատրաստվում եմ գրել վերլուծական հոդված այս ամենի մասին»: Հետո ավելի կոնկրետ թեմայի անցավ. «Անիի ավերակներում մենք եւ մեր հայ ընկերները նկատեցինք, որ ոչ մի տող չկա այնտեղ գրված այն մասին, որ դա հայերի քաղաք է եղել, հայկական եկեղեցիներ են, եւ կարծում եմ, որ պետք է դրա մասին ասվի»: Կառչելով Յիիթի այս խոսքերից` պարոն դեսպանն ասաց, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը Անիի ավերված եկեղեցիների վերականգնմանն աջակցելու ծրագիր ունի, եւ ինքը կարող է կապել Յիիթին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հետ, ու նաեւ առաջարկեց, որ «Վաթանի» լրագրողը որպես կամավոր հանդես գա` Թուրքիայի մշակույթի նախարարությանը առաջարկի Անիի ավերակների ցուցանակները փոխել, եւ անպայման գրել, որ դա հայկական բնակավայր էր, Հայոց մայրաքաղաքներից մեկը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ստամբուլ–Մալաթիա–Կեսարիա–Կապադովկիա–Անկարա–Կարս–Անի–Ախալցխե–Գյումրի–Երեւան–Տաթեւ–Գորիս–Սեւան–Երեւան ավտոբուսային շրջագայության մասնակից