«Տեսակետ» մամուլի ակումբի այսօրվա հյուրերն էին Հայաստանի Կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը, նրա տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ովքեր ներկայացրեցին Թիֆլիսում կայացած միջազգային բոլոր ցեղատեսակի շների ցուցահանդեսը եւ Հայաստանը ներկայացնող շների մրցանակները:
Ասուլիսին մասնակցում էին նաեւ հաղթանակած շները՝ հայկական գելխեղդը կամ գամփռը, եւ անգլիական «բիգլ» ցեղատեսակի երկու շուն: Գամփռը աշխատող շների միջեւ մրցությունում նվաճել է երկրորդ տեղը, իսկ «բիգլները» մտել են որսորդական շների լավագույն հնգյակի մեջ: Բացի գամփռից եւ «բիգլներից», Վրաստան էին տարվել կանարյան «դոգեր» եւ չինական «շիտցու», որին տրամադրել էր հայաստանաբնակ լատվիացի:
Առհասարակ, ցուցահանդեսին մասնակցում էին 160 շուն՝ 5 երկրներից: Վիոլետա Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջադրված 6 շունն էլ մրցանակներ են նվաճել. «Վրացիներն առաջին անգամ էին տեսնում «շիտցու»: Իսկ ինչ վերաբերում է գամփռի նվաճած երկրորդ մրցանակին, ապա դա հասկանալի էր, քանի որ օտար երկրում էինք գտնվում: Առաջին մրցանակը վրացական «ռիջ բեկ» ցեղատեսակը նվաճեց, որի մեջքի մազերը հակառակ ուղղությամբ են աճում: Այնուամենայնիվ, ցուցահանդեսի ողջ բազմությունը մեր գամփռի կողքին էր ֆռֆռում, բոլորը ոգեւորված էին»:
Անգլիական «բիգլների» տերը՝ Միքայել Դավթյանը նշեց, որ մրցության ընթացքում շներն իրար հակառակորդ դարձան. «Դատավորները երկուսին էլ մտցրեցին որսորդական շների լավագույն հնգյակի մեջ, որովհետեւ, իրենց խոսքով, երկու «բիգլներն» էլ լավն էին»:
Գայանե Գաբրիելյանը նշեց, որ գամփռն ազգային բրենդ է եւ ի վերուստ տրված արժեք. «Ճիշտ է, 2010թ-ի ցուցահանդեսին այն դեռեւս միջազգայնորեն ընդունված չէր, բայց այն ազգային արժեք է: Մենք զբաղվում ենք ոչ միայն հայկական գամփռի, այլեւ այլ ցեղատեսակների բազմացմամբ»:
Վանաձորից եկած գամփռի՝ Թոբուշի տերը՝ Վահան Մխիթարյանը նշեց, որ շունը 3 տարեկան է, համբերատար եւ խելացի. «Հավասարակշռված է, միանգամից չի վստահում, չի սիրում, երբ իրեն ճնշում են, բայց միանգամայն հասկանում է տիրոջ ասածը: Նրա պապը նույնպես ճանաչված շուն է եղել, իսկ եղբայրը վերջերս վնասվածք ստացավ գայլերի հետ բախումից»: Մխիթարյանը հավելեց, որ Թոբուշի քույրը՝ Ազնարը, վերջերս ձագուկներ է ունեցել. «Ոչ մեկին չենք վաճառել, քանի որ «Մխիթարյան» բուծարանում հետամուտ ենք հայկական գամփռների ճիշտ խաչասերման կազմակերպմանը»:
Մ. Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանի Կինոլոգիական միություն էին զանգահարել Մոլդովայից եւ հետաքրքրվել ձագերով. «Նկարները տեսել էին եւ չէին հավատացել, որ դրանք ընդամենը 6 ամսական են: Ասում էին՝ это же лошадь»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ