Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տավուշի սահմանամերձ գյուղերում տեղի ունեցած դեպքերին ու Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին` նշեց, որ Հանրապետական կուսակցությունն, ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արդեն իսկ հայտնել է իր մոտեցումը, դա նաեւ իրենց կուսակցության հայտարարությունն է, եւ մեր երկրի պաշտոնական մոտեցումը, որը չեն կարող չկիսել:
Ինչ վերաբերում է 1-ին 10 հարաբերակցությունն ընդունելու պահանջին` պարոն Զաքարյանն ասաց. «Ես ասեմ իմ անձնական մոտեցումը` ոչ: Մենք ոչ թե պետք է հարաբերակցություններով չափենք սահմանին տեղի ունեցող դեպքերը, այլ պետք է համարժեք ուժի ցուցադրում կարողանանք իրականացնել եւ համապատասխան կոշտ արձագանքենք նաեւ Ադրբեջանի դիվերսիոն գործողութուններին` միաժամանակ քաղաքական մոտեցումը հստակ արտահայտելով, որ մեր նպատակը խաղաղ կարգավորումն է եւ մեր նպատակը բանակցային գործընթացն է, որը պետք է խաղաղ հանգուցալուծում ունենա եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացում: Այլ մոտեցումները ուժային մոտեցումներ են, իսկ եթե խոսում են ուժային մոտեցումից, ապա դա պետք է ունենա համարժեք, պետք է լինի հստակ եւ պետք է ունենա պատժիչ նշանակություն, ինչը ադրբեջանցիները պարբերաբար տեսնում են: Բայց քանի որ նրանց գործողությունների մեջ ի սկզբանե դրված է հրահրումն ու ապակայունացումը, բնականաբար, նրանք փորձում են շարունակել այդ ոճով` փորձելով խաթարել տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը` ցանկանալով դրանով իսկ նոր լարվածություն առաջացնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ