Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած «Վերջին Զանգին», ծաղիկների գները իջել են 40.1%-ով

Հունիս 07,2012 16:29

 Այսօր ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչը, ներկայացնելով սպառողական գների ինդեքսը, նշեց, որ մայիսին, ապրիլի համեմատ, ամենամեծ գնանկումը արձանագրվել է վարունգի` 61.4 %, խառը կանաչու` 47%, կաղամբի 23.7%, իսկ ծաղիկների գծով 40.1%: Եթե վարունգն ու խառը կանաչին սեզոնային ապրանքներ են եւ կապված գյուղմթերքների առատության հետ գներն իջնում են, ապա մարտին, ապրիլին, մայիսին մշտապես բողոքներ են եղել, որ կապված տոնական միջոցառումների հետ, ծաղիկների գները կրկնակի, նույնիսկ եռակի աճել են:

Aravot.am-ը վիճծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, գնադիտարկում չե՞ն կատարել տոնական օրերին` Վերջին Զանգ, ապրիլի 7 եւ այլն, եւ ինչպես են գնանկում արձանագրել, եթե այդ ամիսներին մշտապես ծաղիկի գները բարձրանում են: Պարոն Մարտիրոսյանի ներկայացմամբ` «Ցավոք օրվա կտրվածքով տվյալներ չունենք, բայց ավելի մանրամասն տեղեկություններ օրերս կհրապարակենք, մասնավորապես ծաղիկի գների փոփոխություններն` ըստ ամիսների: Ինչ վերաբերում է, որ որոշակի միջոցառումների օրերին թանկացում է լինում, կամ` տոների նախօրեին, ասեմ, նայած` եթե դա համընկնում է մեր դիտարկած օրերի հետ, մենք դա արձանագրում ենք, եթե ոչ, ապա հնարավոր է, որ լինի ակցիա 1-2 օրվա ընթացքում, երբ մի քանի անգամ գինը բարձրանում է, հետո իջնում հին մակարդակին, ու այդ թռիչքը մեզ մոտ չգրանցվի»:

Մեր այն հարցին, կոնկրետ օրերին դիտարկում չկատարելով, արդյոք գնաճի կամ գնանկման ռեալ պատկեր կստացվի՞, Գուգեն Մարտիրոսյանն ասաց. «Ամեն ամիս դիտարկում ենք անում 3 անգամ` ամսի 1-ից հետո եւ առաջ, ամսի 10-ից ու 20-ից հետո եւ առաջ: Այսինքն, սա ընդամենը որոշակի հետազոտություն է եւ այս իմ թվարկած անփոփոխ ժամանակահատվածը, զուտ նրա համար է, որ արհեստածին էֆեկտներ չառաջանան գների մեջ: Ամսվա ընթացքում 1-2 օրվա գնաճն ամբողջ ամսվա կտրվածքով դիտարկել որպես գնաճ՝ իրականությունը կխեղվի»:

Իսկ մեր այն դիտարկմանն էլ, գուցե կոնկրետ տոն օրերին գնադիտարկում կատարել՝ պարոն Մարտիրոսյանն ասաց, որ դա անթույլատրելի է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930