Թշնամու արձակած գնդակից զոհված զինվորներից մեկն էլ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանն էր:
Այսօր Զոհրաբի հայրենի Հացառատում կազմակերպվեց հերոս զինվորի հուղարկավորությունը:
20-ամյա Զոհրաբի հուղարկավորությունն արվեց հավուր պատշաճի, ինչպես որ պատիվ է հերոսներին:
Հուղարկավորությանը ներկա էին Գավառի զինկոմը, Զոհրաբի զորամասի հրամանատարները: Թափորի արարողությունն ուղեկցվեց 2-րդ բանակային կորպուսի եւ ՊՆ սպայական կազմի ուղեկցությամբ: Տնից մինչեւ գերեզմանատեղի Զորիկին ուղեկցում էր զինվորական նվագախումբը: Զորհաբին թաղեցին իր պապական գերեզմանոցում:
Կարդացեք նաև
Ինչպես «Առավոտի» թղթակցին տեղեկացրեց Գավառի զինկոմ Խաժակ Սուչյանը` հերոս զինվորի թաղման արարողությունը կազմակերպելու համար Գավառի զինկոմիսարիատը, Գավառի ՏԻՄ մարմինները, պաշտպանության նախարարությունն արել էին հնարավոր ամեն ինչ:
Զոհրաբի ընտանիքն ստացել է նաեւ դրամական աջակցություն, եւ ըստ Խ. Սուչյանի` ֆինանսական եւ բարոյական աջակցությունը կշարունակվի:
Զոհրաբի զորամասի հրամանատարության խոսքերով`նա եղել է հայրենասեր ու պարտաճանաչ զինվոր, բարեխղճորեն կատարել է իր զինվորական պարտականությունները, ազնիվ ու նվիրված զինվորի հիշատակը բարձր ու վեհ կմնա զորամասի հրամանատարության ու զինծառայողների սրտում:
Ողջ Հացառատը սգում է զինվորի հերոսական մահը: Նրա հիշատակին Հացառատ թաղամասի ավտոմայրուղու լայնքով, սյուներից կախված, մեծ ու սեւ պաստառների վրա ոսկեգույն տառերով գրված է նրա անունն ու տարիքր` «Զորիկ 20»:
Նրա ընտանիքը ապրում էր սոցիալական ծանր պայմաններում: Երկու քույրերը ամուսնացած են, հայրը թոշակառու է, մայրը չի աշխատում: Հայրը` Խաժակը, ընտանիքի ապրուստը հոգում էր արտագնա աշխատանքով, եւ միայն այսօր է հասցրել Ռուսաստանի Դաշնությունից գալ ու հասնել որդու հուղարկավորությանը:
Հացառատցիների բնորոշմամբ` ազնիվ ու բարի Զորիկը սիրված է եղել բոլորի կողմից, միշտ հասնող ու աջակցող: Նրա հերոսական կերպարը ուղեկից կլինի բոլորին:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ