Լրահոս
Օրվա լրահոսը

Միաբանական համագումարը հանդես եկավ հայտարարությամբ

Հունիս 07,2012 16:14

Հունիսի 4-10-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ անցկացվող միաբանական համագումարը հանդես եկավ հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում վերջին օրերին արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Խորապես անհանգստացած ենք Հայաստանի Հանրապետության` Ադրբեջանին հարող սահմանագծում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի պարբերական խախտման դեպքերով, որոնց հետևանքով վիրավորվում և զոհվում են ինչպես Հայոց բանակի զինվորներ, այնպեսև խաղաղ բնակիչներ: Վերջին օրերին մենք ականատես եղանք հրադադարի հերթական խախտումների, երբ ադրբեջանական սադրանքի զոհ դարձան ՀՀ սահմանի վրա իրենց ծառայությունը բերող անմեղ զինվորներ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր Հովվապետով մշտապես արտահայտել է նվիրվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման գործընթացին: Որպես Տիրոջ խաղաղության ուղերձի պատգամաբերներ խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները` ուղղված տարածաշրջանում փխրուն խաղաղության խաթարմանը:

Կոչ ենք ուղղում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ երկրներին, միջազգային հանրությանը և տարածաշրջանի հոգևոր առաջնորդներին` ջանքեր գործադրել կասեցնելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը:

Մեր սրտակցությունն ենք հայտնում Հայրենիքի սահմանի պաշտպանության ժամանակ զոհված մեր զինվորների ընտանիքներին` հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունը վշտաբեկ բոլոր հարազատներին ու մտերիմներին: Միասնական մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված վիրավոր զինծառայողների շուտափույթ ապաքինման, այլև հայրենի եզերքներում խաղաղ ու անվրդով կյանքի համար: Եվ թող Ս. Վարդանանց և Սարդարապատի մեր զորականների շունչն ու ոգին միշտ ուղեկից լինեն հաղթական Հայոց Բանակին` ի պաշտպանություն դարերի մաքառումով և բազում կյանքերի թանկ գնով ձեռք բերված անկախության ու խաղաղության և արցախահայության ազատ ապրելու իրավունքի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930