Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց՝ արդյոք համամի՞տ է այն կարծիքին, որ դեռ ՀԱՊԿ-ի միջամտության պահը չէ: Պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Փոքր պատճառները անտեսելը կարող է բերել մեծ ողբերգությունների: Այս աշխարհն այլևս այն աշխարհը չէ, որ փոքր պատճառներն ունենան փոքր հետևանքներ, մեծ պատճառները՝ մեծ հետևանքներ: Պիտի հասկանանք, որ ՀԱՊԿ-ը պրակտիկայում իրեն չդրսևորած կառույց է: Նա կարող է պրակտիկայում ունենալ շատ լուրջ պրոբլեմներ՝ չհղկված, չկատարելագործված դաշտի պատճառով: Օրինակ՝ ճիշտ է գրել ենք, որ իրար պիտի պաշտպանենք, բայց չգիտենք, թե ոնց պիտի պաշտպանենք: 2007-ից հետո են սկսել մշակել, թե ինչպես պիտի պաշտպանենք: Արագ արձագանքման ուժեր ձևավորվել են տակավին վերջերս: ՀԱՊԿ-ը՝ որպես այդպիսին, դեռևս չկայացած ինստիտուցիոնալ կառույց է : Հետևաբար պիտի նաև այսպիսի միջադեպերը հիմք հանդիսանան ՀԱՊԿ-ը փորձարկելու համար: Բա էլ ե՞րբ ենք փորձարկելու, երբ մեծ աղետ լինի ու պարզենք, որ չկա՞: Ավելի լավ չէ՞, որ կանխավ իմանանք, որ չկա»:
Մեր այն հարցին, թե Չինարիի դեպքերի ժամանակ, փաստորեն, փորձարկեցինք ՀԱՊԿ-ին և ինչ եզրահանգման եկանք, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, չի վերահսկում, չի ապահովում ՀՀ անվտանգությունը հրադադարի խախտման դեպքում: Այս ամեն ինչից բացարձակ հոտ չի գալիս, որ ՀՀ-ն Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, որ Հայաստանի պաշտպանությունը բխում է Ռուսաստանի շահերից, այդ ամեն ինչը չի երևում, և դա շուտվանից չի երևում, երբ մի կողմից Ռուսաստանը S-300-ներ է վաճառում Ադրբեջանին, Հայաստանին վախեցնում Ադրբեջանով, մյուս կողմից ասում է՝ մի վախեցիր Հայաստան, ես գալիս եմ, 49 տարի էլ քո սահմանները պահելու եմ: Այդտեղից ի՞նչ պիտի հասկանալ. մեր հարաբերությունների որակը, շահագրգռությունների բնույթը: Այո, այս ամեն ինչր փորձարկում է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ