Կապանի տարածաշրջանի բնակիչները եւ մասնագետները վերջին շրջանում Կապանի անտառներում նկատել են ոսկետուտ վնասատուների լայն տարածում եւ ահազանգել խնդրի մասին: Տերեւակեր այս վնասատուները ոչ միայն վնաս են հասցնում Կապանի անտառներին, այլ այնտեղից տարածվում են նաեւ դեպի անտառամերձ այգիները եւ վնասում տարածաշրջանի բնակիչների մշակած այգու պտղատու ծառերը:
Կապանի անտառտնտեսության մասնագետները, ահազանգի հիման վրա, տարածաշրջանի անտառներում իրականացրել են համապատասխան ուսումնասիրություններ եւ արձանագրել, որ վնասատուները տարածված են մոտ 3500 հա տարածքում` հիմնականում կաղնիների, խնձորենիների, տանձենիների եւ այլ ծառատեսակների անտառծածկույթում:
Դեպքի մասին տեղյակ պահվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, որից հետո կառույցի համապատասխան մասնագետները եղան տեղում եւ կատարեցին հերթական ուսումնասիրությունը: Անտառները ոսկետուտից պաշտպանելու եւ դրանց տարածումը կանխելու նպատակով` որոշվեց ուղղաթիռով իրականացնել զանգվածային սրսկումներ: «Ոսկետուտի տարածման հիմնական օջախները Սյունիքի անտառպետությունում են` Ուժանիսի, Ագարակի, Եղվարդի, Առաջաձորի տարածքներն են մինչեւ ձգվում, մի որոշ հատված էլ Գեղիի տարածաշրջանում կա, որտեղ կաղնիներ են հիմնականում:
Վնասատուները խոր աշնանը թաքնված են լինում տերեւների տակ եւ շատ գաղտնի շրջան են ունենում, իսկ գարնանն արդեն գլուխ են բարձրացնում: Մեկ ոսկետուտը 500 հատ ձվադրում է անում: Դրանք հիմնականում կաղնիների, խնձորենիների, տանձենիների եւ այլ ծառերի վրա են լինում եւ ուտում ծառի տերեւները, որն էլ նպաստում է ծառերի չորացմանը: Էսօրվա դրությամբ վնասը կա արդեն: Քանի որ այս հարցը ծրագրից դուրս էր, խոստացել են հնարավորինս շուտ հարցին լուծում տալ եւ սրսկումներ կատարել», – նշում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության պետ Վոլոդյա Միրզոյանը:
Նմանատիպ զանգվածային պայքար վնասատուների դեմ Կապանի անտառներում իրականացվել էր նաեւ 2007-2008թթ.-ին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ