Լրահոս
Օրվա լրահոսը

Բադեյան. Հայաստանից 20-25000-ը նորմալ արտագաղթ է

Հունիս 07,2012 15:17

«Մի ամիս է անցել ընտրություններից, մենք դեռ սպասում ենք, կառավարությունը երբ է իր ծրագիրը ներկայացնելու, կարծես թե, այդ կառավարությունը չգիտեր, որ ինքը նորից վերընտրվելու է ու իր ծրագիրը պիտի ներկայացնի: Կարծում եմ՝ այս պայմաններում, մայիսի 7-ին կառավարությունն ու նախագահը բոլորով պետք է լծվեին գործի ու կատարեին այն խոստումները, որ նախընտրական շրջանում են տվել», – այսօր «Արցախ» ակումբում, կառավարությունից իրենց սպասելիքների մասին ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն էլ հակադարձեց. «Ի՞նչ է նշանակում՝ չգիտեիք ով է կառավարության կազմում լինելու, չէ, մինչեւ հիմա էլ չգիտենք, որովհետեւ կոնսուլտացիաները դեռ շարունակվում են , այնպես չէ , որ մի մարդ որոշում է, գրպանում ցուցակը պահում է»: Կառավարության ծրագրի ժամկետների մասին էլ հավելեց, թե Սահմանադրության պահանջով է՝ կառավարության կազմավորումն ու ծրագրի հաստատումը 50-օրյա ժամկետում պետք է իրականացվի:

Վարչապետի վերանշանակման մասով էլ, պարոն Բադեյանն ասաց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ապացուցեց, որ ինքը արհեստավարժ, գիտուն եւ լավ քաղաքական գործիչ է, ու ՀՀԿ-ն համարեց, որ վարչապետի փոփոխության անհրաժեշտություն չկա:

Պարոն Սարգսյանն էլ նկատեց, թե Հայաստանում ոչ թե անձի, այլ համակարգի փոփոխություն է անհրաժեշտ. «Արդեն պաշտոնապես հայտարարում են, որ մեր բնակչության ամեն երրորդը աղքատ է: Եթե վերցնենք մեկ այլ ցուցանիշ, ապա կործանարար է երկրի համար՝ ժամանակին 3,8 միլիոն բնակչություն ունեցող երկիրը այսօր պաշտոնական տվյալներով ունի 3.2 միլիոն, էլ չենք ասում, որ փաստացի 2,5 միլիոնից ոչ ավելի է: Այս ամենից ելնելով՝ գտնում եմ, ոչ թե անձի փոփոխություն է պետք, այլ՝ քաղաքական կուռքի ու համակարգի փոփոխություն»: Պարոն Բադեյանն էլ կարծիք հայտնեց, թե արտագաղթը նոր խնդիր չէ. Հայաստանի 3,8 միլիոն բնակչությունը խորհրդային տարիներից է սկսել արտագաղթել, իսկ ճնշող մեծամասնությունը, հենց ՀՀՇ-ի իշխանության տարիներին մեկնեց. «Արտագաղթը ահագնացող երեւույթ չէ, 20-25.000-ը նորմալ արտագաղթ է»:

Հարցին, թե ընտրություններո՞վ էր պայմանավորված մայիսի 6-ից հետո արձանագրված գնաճը, պարոն Բաեդյանը միանգամից վստահեցրեց՝ ոչ. «Բացարձակապես կապ չունեն»: Պարոն Սարգսյանի դիտարկմանը, թե հենց ընտրությունների հաջորդ օրը շաքարավազը թանկացավ 10 դրամով, ինչը իրենց հաշվարկներով միայն մեկ ամսում 82 միլիոն դրամի եկամուտ է բերել ներկրողին, պարոն Բադեյանը հակադարձեց՝ միջազգային գներն են բարձրացել. «Հետո ի՞նչ, բենզինն էլ հաջորդ օրը 10 դրամով նվազեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930