Այսօր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, խոսելով սահմանային միջադեպերի ու պատերազմի հավանականության մասին, ասաց, որ ոչինչ չի բացառվում, բայց կարծում է, որ սա նաեւ կապված է տարածաշրջանում տիրող ընդհանուր լարվածության հետ. «Ուշադրություն դարձրեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, ինչպիսի հարաբերություններ են զարգանում Իրանի, Իսրայելի հետ. անընդհատ, զուտ խոսքի մակարդակով փոխհրաձգություններ են, բնականաբար մենք էլ կիզակետում ենք գտնվում եւ չենք կարող ուշադրությունից դուրս լինել: Հետընտրական զարգացումները եւս ավելի շատ աշխարհաքաղաքական բնույթ են կրում, քան ներքաղաքական խնդիրները:
Յուրաքանչյուր ներքաղաքական վերադասավորում կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից: Ասեմ ավելին՝ ներքաղաքականը աշխարհաքաղաքական գործընթացների ածանցյալն է»:
Դիվերսիոն գործողությունները, Քոչարյանի մեկնաբանմամբ, նորություն չեն հատկապես ամռանը, երբ տաք է լինում, ըստ նրա, միշտ էլ նման դեպքեր լինում են. «Չնայած սրա հետ կապված երեկ մի քանի վերլուծություններ եղան, որի պատճառը՝ օրինակ, Վահան Շիրխանյանի հայտարարությունն էր, այն մասին, որ ՀԱՊԿ-ի՝ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) զորքեր բերեն, հետո վերլուծություն եղավ, թե չի բացառվում, որ հրահրում են, որ հենց այդ զորքերին բերեն, բայց սրանք ընդամենը վարկածներ են: Ես չեմ բացառում, որ հատուկ զորքերը կլինեն սահմանում, հատկապես այն դեպքում, երբ Ռուսաստանը վերջին շրջանում Զատուլինի մակարդակով հայտարարել էր, որ եթե լինի պատերազմ՝ ՀԱՊԿ-ն անպայման կպաշտպանի Հայաստանին, քանի որ, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»:
Քոչարյանն ասաց, թե մեր բախտը բերել է, որ մեր հարեւանները մեզանից վատն են, բայց՝ « չեմ կարծում, որ մենք պատրաստ չենք պատերազմի, հատկապես, եթե կա ՀԱՊԿ -ի գործոնը, բացի այդ, մեր բանակը մարտունակ է ու պատրաստ: Պատերազմից վախենալ չի կարելի, պարզապես պետք է խուսափել, բայց ոչ հողերը հանձնելու գնով»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ