«Պատերազմի հավանականությունը միշտ կա: Դատապարտում եմ այն հայտարարությունները, որ ասում են` չէ, սա ընդամենը ինչ-որ դիվանագիտական տպավորության համար է»,- Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ այսօր կազմակերպված բողոքի երթին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը: Նրա խոսքերով` «Խնդիրն այն է, որ 94-ին մենք աններելի սխալ ենք թույլ տվել` անավարտ թողնելով պատերազմը: Դարձյալ տուրք տալով միջազգային անիմաստ խոսակցություններին` այսօր մենք դրա պտուղներն ենք քաղում, մեր ամեն մի զոհը, խաղաղ տարիներին, պատերազմն անավարտ թողնելու պատճառն է, որը ամբողջությամբ ծանրանում է այդ օրերին եւ հետագա օրերին որոշում կայացնողների խղճի վրա»:
Ինչ վերաբերում է բանակցություններին, քաղաքագետի գնահատմամբ`բանակցությունները, դրանք ի վերջո հանգում են տարածքներ` կարգավիճակի դիմաց անհեթեթ լուծմանը, շղարշված անվտանգության կամ միջազգային երաշխիքների մասին ինչ-որ անիմաստ խոսակցություններով. «3 սկզբունքները եղել են այսօր էլ, դրանից առաջ միջազգային ճգնաժամային խմբի փաստաթղթում նույն 3 սկզբունքներն էին, մինչեւ Տեր-Պետրոսյանի փուլային փաթեթային տարբերակները, դարձյալ նույն սկզբունքներն էին: Նոր սկզբունքներ երբեք չի առաջադրվել, եղել են ինչ-որ անհեթեթ դետալներ, ոչ մի նոր բան ո’չ Միացյալ Նահանգներից, ոչ Ռուսաստանից ես չեմ տեսել: Բազմիցս համանախագահները հայտարարել են` նախագահները պատրաստ են խաղաղության` ժողովուրդները` ոչ: Դա ամբողջությամբ արտահայտում է Հայաստանի իրողությունները եւ պաշտոնական ներկայացուցչները` բոլոր արտգործնախարարները արտահայտվել են ինչ-որ զիջումների համաձայնություն տալու օգտին, բայց ժողովրդական դիմադրությունը եղել է պատճառ, որպեսզի դրանք ի վերջո կյանքի չկոչվեն` թե’ Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ, թե’ 95-ին, երբ խորհրդարանական լսումներով փորձում էին ցուցադրել Հայաստանի համաձայնությունը, բայց չստացվեց, եւ թե’ հիմա՝ մադրիդյան սկզբունքների դեպքում»:
Քլինթոնի այցը կապված է առաջին հերթին իրանյան խնդրի հնարավոր զարգացումների հետ: Հարցին` այս համատեքստում Ղարաբաղյան խնդրի անդրադարձը ինչ չափով հնարավոր կլինի՞, ինչքանով կհամընկնի Միացյալ Նահանգների շահին` պարոն Աղայանը պատասխանեց, որ հստակ չէ, թե որն է Միացյալ Նահանգների շահը այս դեպքում. «Իրենք գտնվում են երկու կրակի արանքում: Մի կողմից նոր` այն էլ ծավալուն պատերազմ Իրանի հետ, Միացյալ Նահանգներին բոլորովին պետք չէ, մյուս կողմից իրենք Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման եւ իրենց նախկին սկզբունքները շարունակելու խնդիր ունեն, վստահ չեմ, որ Միացյալ Նահանգները որոշել են պատերազմական լուծում տալ: Այս ֆոնի վրա ղարաբաղյան խնդիրը ինչքանով կարող է թեժանալ կամ միջազգային դառնալ, ես չեմ կարծում, որ միջազգային խաղացողները կօգտագործեն այդ խաղաքարտը: Նրանք դա անելու ռեսուրս էլ չունեն, բայց բացառված չի, որ Ադրբեջանն ինքը այդ պահը հարմար համարի` նման ինչ-որ մի քայլի դիմելու եւ խնդիրը թեժացնելու: Մենք պետք է դրան պատրաստ լինենք: Մեր ուշադրությունը պետք է լինի բուն թշնամիների գործողությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ