Լրահոս
Օրվա լրահոսը

Չինարիի դեպքերի համար ինքնաբուխ ակցիա` մանկապարտեզի երեխաների մասնակցությամբ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 07,2012 14:23

 Այսօր բողոքի երթ էր կազմակերպվել`վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Բողոքի մասնակիցները հայրենասիրական երգերով Օպերայից շարժվեցին դեպի նախագահի նստավայր: Նախագահականի դիմացի Սիրահարների այգում այդ պահին զբոսնում էին մանկապարտեզի երեխաներ, որոնք ակամայից միացան բողոքի ակցիային: Նրանք միաբերան սկսեցին  բղավել` «Կարմիր-կապույտ-ծիրանագույն, Հա-յաս-տա’ն, Հա-յաս-տա’ն», սկսեցին երգել մեր Հիմնը:

Կազմակերպիչներից մեկը` «Հայազն» միության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց իրենց պահանջը. «Հիմնական առաջարկը մեկին` 10 պատասխան ուղարկելն է, մի հայ զինվորի փոխարեն պարտավոր են 10 թուրք ոչնչացնել: Պահանջելու ենք նաեւ այսպիսի դեպքերի զարգացման հետեւանքով արդեն իսկ դադարեցնել բանակցությունները, քանի որ անիմաստ է բնակցել մի կողմի հետ, որը չի պաշտպանում խաղաղ բանակցելու իր պարտավորությունները: 1994-ին կնքված զինադադարի պայմանագիրն ամբողջությամբ խախտվում է Ադրբեջանի կողմից»:

Արմեն Մկրտչյանը համոզված է, որ ամեն անգամ, երբ միջազգային հանրության բարձրաստիճան մի պաշտոնյայի ենք հյուրընկալում` այսպիսի կորուստներ են լինում, իսկ միջազգային հանրություն կոչվածը կարծես թե չի արձագանքում. «Ես ոչ թե ասում եմ՝ Քլինթոնն է այս ամեն ինչի մեղավորը: Այս ամեն ինչի մեղավորը Հայաստանի իշխանություններն են: Մենք հաղթել ենք պատերազմում ու նստել են Մադրիդյան սկզբունքներ կոչված փաստաթղթի շուրջ ենք բանակցում, որը մեզանից անհասկանալի, ապուշ զիջումներ է պահանջում: Ասենք` 5 շրջան, 7 շրջան: Ո՞նց կարելի է մեր արյունով ազատագրված հողերը ինչ-որ զիջման տակ դնել, այն էլ այն դեպքում, երբ դրանք ունեն շատ լուրջ ռազմավարական նշանակություն: Աղդամը զիջելով` Ստեփանակերտ ու Մարտունին ենք կրակի տակ դնում, Քարվաճառը զիջելով` Մարտակերտն ենք կրակի տակ դնում, Ֆիզուլին զիջելով` Կաանը ու այսպես շարունակ»:

Բողոքի երթի մասնակիցները նաեւ պահանջում էին, որ Արցախի հարցի միջազգային լուծման գործընթացները դադարեցնեն. «Հայաստանի իշխանությունները Արցախը ճանաչեն Հայաստանի անքակտելի մաս, վերականգնեն 1989-ի դեկտեմբերի 1-յան վերամիավորման որոշումը` հայաստանաբնակ արցախցիների Սահմանադրական իրավունքները վերականգնել, այսինքն` արցախցիների` ընտրություններին մասնակցելու իրավունքները վերականգնեն ու Արցախը ճանաչեն Հայաստանի Հանրապետության մաս: Այսպիսով, կարծում ենք, խնդիրը հեշտությամբ կլուծվի, քանի որ շուրջ 20 տարի է` այս կեղծ բանակցությունների մեջ ենք, ու հաղթած կողմ լինելով հանդերձ` անդադար փորձում են մեզանից հետքայլեր ու զիջումներ կորզել: Եթե  մեր իշխանությունները իրենց հստակ դիրքորոշումները չներկայացնեն, չհայտարարեն, որ Արցախի հարցով ցանկացած զիջման դեմ են, որ դադարեցնում են միջազգային բանակցությունները, խնդիրն անընդհատ շարունակվելու է: Այսօր Չինարին է, վաղը Քարվաճառում կլինի, մյուս օրը` Աղդամում ու այսպես շարունակ անդադար այս վիճակն է լինելու, մինչեւ Ադրբեջանը չհասնի իր նպատակին»:

Aravot.am-ի հարցին` թե մեր իշխանությունները այդ ամենը չե՞ն հասկանում, թե՞ ինչ-որ գործարքների են գնացել` Արմեն Մկրտչյանը պատասխանեց. «Իշխանություններին այս պահին ձեռնտու չէ դա հասկանալը»: Հարցին` «մեկին` տասը» պատասխանը չի՞ հանգեցնի պատերազմի` վստահեցրեց, որ ոչ` չպատասխանելն է հանգեցնելու. «Եթե այսքան ժամանակ Ադրբեջանը պատերազմը չի վերսկսել, նշանակում է` իր ուժերի վրա վստահ չի եղել, ուստի պետք է լիարժեք պատասխան տալ, որ ինքնավստահություն չունենա:

Ակցիայի մասնակիցներից մեկը` Ռազմիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մենք լռելու իրավունք չունենք, պետք է պահանջատեր լինել. «Այս ամենը մարդկային գիտակցական մակարդակով է բացատրվում, եթե իշխանությունների գիտակցական մակարդակը բարձր լիներ` անտարբերություն չէր լինի»: «Հայազն» միության անդամ Ամալյա Հովհաննիսյանի խոսքերով էլ` «ոչ մեկս էլ չի ուզում, որ պատերազմ լինի, բայց հայրենիքն ազատագրել է պետք ու եթե պարտադրված պատերազմ է` ուրեմն պիտի լինի: Զիջումներն անընդունելի են, մի թիզ հող անգամ զիջումն անընդունելի է»:

Ակցիայի մասնակիցները իրենց նամակը փոխանցեցին նախագահական նստավայր, այնուհետեւ շարժվեցին դեպի արտգործնախարարություն:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ շուտով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930