Հանք շահագործող ցանկացած ընկերություն, որը աշխատանքներն իրականացնում է անտառի հաշվին, հանքի շահագործումից հետո պարտավոր է կրկնակի քանակով անտառ տնկել ու աճեցնել: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում, հանքատերերին հիշեցրին «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ` Ռուբեն Պետրոսյանը եւ «Հայաստանի անտառներ» հ/կ նախագահ` Նազելի Վարդանյանը: Ինչը, անտառի մասնագետների հավաստմամբ ո’չ Քաջարանի ո’չ Թեղուտի պարագայում տեղի չի ունենում: Ռուբեն Պետրոսյանի տվյալներով, ներկայումս Թեղուտի հանքը շահագործող «ACP» ընկերությունը 220 հեկտար տարածքի վրա անտառտնկման որոշ աշխատանքներ կատարում է, սակայն Նազելի Վարդանյանը գտնում է, որ դա շատ քիչ է հատված անտառին փոխարինելու համար. ««ACP»-ն պարտավորություն է վերցրել մեկ այլ վայրում անտառ հիմնել, չեմ կարծում այն նույն անտառը կլինի, ինչը որ իրենք հատեն, եթե դա դառնա Թեղուտի անտառ, լավագույն պայմանների, լավագույն խնամքի դեպքում, նվազագույնը մի 50 տարի պետք է սպասենք»: Տիկին Վարդանյանի խոսքերով, հենց այդ ամենը հաշվի առնելով են բնապահպանները պայքարում, որպեսզի հանքերը շահագործվեն փակ եղանակով, քանի որ.
«Բաց շահագործման դեպքում էկոհամակարգն ամբողջությամբ ոչնչանում է: Հանքեր շահագործողները պետք է հումուսային շերտը հանեն ու պահպանեն եւ աշխատանքներն ավարտելուց հետո վերադարձնեն նույն տեղը, որպեսզի էկոհամակարգը վերականգնվի, բայց մեզ մոտ որեւէ մեկը նման բան չի անում: Իսկ փակ շահագործելու պարագայում, գոնե ապառներ ու ծառեր չեն հատվում, կենդանական աշխարհում միգրացիա չի լինում»:
Aravot.am-ի հարցին, թե միջազգային կառույցների ուսումնասիրության եւ կանխատեսումների համաձայն, եթե անտառահատումներն ու կանաչ տարածքների ոչնչացումն այս տեմպերով շարունակվի, ապա 20 տարի հետո Հայաստանը կանապատանա՝ Նազելի Վարդանյանի պատասխանը` տեսանյութում.
Գլխավոր անտառապետն անդրադառնալով անտառածածկ տարածքներում տեղի ունեցող հրդեհներին, ասաց, որ վերջին տարիներին հրդեհների ծավալները մեծացել են. եթե 12 տարվա ընթացքում այրվել է 2500 հեկտար անտառ, ապա վերջին 3 տարում`միայն 1500: Ամենահրդեհավտանգ մարզը Սյունիքն է եղել, սակայն պարոն Պետրոսյանի խոսքերով, այժմ Լոռին է, քանի որ այս մարզում հրդեհը մարելու արագ արձագանքման խմբեր չունենք: Հրդեհների պատճառը հիմնականում տեխնածին է. «Գյուղացիները հաջորդ տարի լավ բերք ունենալու համար իրենց դաշտերը այրում են եւ անտառին մոտ գտնվող դաշտերից հրդեհը տեղափոխվում է անտառ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ