Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայում խառնաշփոթ է

Հունիս 07,2012 13:38

Լրագրողների հետ հանդիպումը մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի` վերջերս ընտրված նախագահ Կարեն Գյունաշյանը սկսեց մի պատմությունով, ըստ որի՝ վերջին մի քանի ամիսներին հայկական մամուլում եւ ինտերնետային կայքերում մարզաձեւի շուրջ իրարանցում է սկսվել, որը տարածվել է նաեւ աշխարհով մեկ: «Ինձ, անկեղծ ասած,  ուրախացնում է, որ հանրապետությունում եւ աշխարհում խոսում են հայկական ջրագնդակի մասին, հետաքրքրվում: Այսինքն՝ ջրագնդակը չի մոռացվել: Բայց մտահոգում է այն, որ նախագահ ընտրվելուց հետո դրանցում իմ, վետերան ջրագնդորդների եւ արժանավոր մյուս մարդկանց հասցեին անհիմն վիրավորանքներ են հնչեցվում», – ասաց Կ. Գյունաշյանը: Նրա խոսքերով, այս ամենը սկսվել է այն բանից հետո, երբ ջրագնդորդներն անվստահություն հայտնեցին ֆեդերացիան մի քանի ամիս ղեկավարած Գագիկ Հովհաննիսյանին` նրա փոխարեն ընտրելով իրեն:

«Ամեն բան սկսվեց այն բանից հետո, երբ իմ հարցազրույցներից մեկում հայտարարեցի, թե պարոն Հովհաննիսյանը խեղաթյուրել է ջրագնդակի պատմությունը եւ տվել որպես Հայաստանում մարզաձեւի հիմնադիրների ու երախտավորների իր ուզած կամ իմացած մարդկանց անունները` անտեսելով մեզանում մարզաձեւի իրական հիմնադիրներին ու երախտավորներին: Ես ֆեդերացիայի նախկին ղեկավարի հետ ոչ մի խնդիր չունեմ: Ընդհակառակը, բազմիցս առաջարկել եմ միասին աշխատել: Բայց նա մերժել է», – ասաց ֆեդերացիայի նոր նախագահը:

Լրագրողների հարցին, թե ո՞րն է ասուլիսը հրավիրելու գլխավոր դրդապատճառը եւ ինչո՞վ կարող են ֆեդերացիային օգտակար լինել, պարոն Գյունաշյանը պատասխանեց, որ Գագիկ Հովհաննիսյանը մինչեւ հիմա չի հանձնում ֆեդերացիայի կնիքը եւ գույքը, որպեսզի կարողանան աշխատանքները կազմակերպել: «Մենք հիմա հրավերներ ունենք մի քանի այլ երկրներից, բայց օրինական կարգով մեկնել չենք կարող: Եթե մտնենք, օրինակ, Վրաստանի դեսպանատուն, այնտեղ չե՞ն ասի` այս ի՞նչ եք անում», – դժգոհեց Կարեն Գյունաշյանը:

Լրագրողները հուշեցին, որ նման դեպքերում պետք է դիմել նախարարություն, Ազգային օլիմպիական կոմիտե, վերջապես՝ մարզաձեւի միջազգային ֆեդերացիա, որին ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. «Մենք մինչեւ հիմա մտածել ենք, որ հարցը կլուծվի առանց ավելորդ քաշքշուկների: Սակայն արդեն ստիպված պիտի գնանք ձեր նշած ճանապարհով»:

Ամբողջ ասուլիսում բանախոսը եւ նրա հետ եկած գործընկերները կարոտով հիշեցին սկսած 50-ական թվականներից հայկական ջրագնդակի հարուստ անցյալը, սակայն մարզաձեւի ներկայիս հոգսերի եւ դրանք լուծելու իրենց կոնկրետ ծրագրերի մասին խոսելու ժամանակ չեղավ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930