«Կամ ԱՄՆ-ի նման երկիրն ի զորու չէ ազդել կողմերի վարքագծի վրա, և հունիսի 4-ի՝ Երևանում ուժի կիրառության անթույլատրելիության մասին հայտարարությունը ազդեցություն չունի, կամ ԱՄՆ-ի, միջազգային հանրության համար այդքան էլ էական չէ, թե ինչ կլինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը և շեշտեց. «Մենք ունենք շատ անկառավարելի հարևան»: Խոսելով ՀՀ իշխանությունների պատասխանի մասին՝ պարոն Սաֆարյանը նկատեց. «ՀՀ իշխանությունները անադեկվատ են ոչ միայն սեփական ժողովրդին, այլև անադեկվատ են արտաքին և ներքին խնդիրներին: Եթե Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումն ավարտվում է եղանակի տեսության քննությամբ, էլ ինչ պահանջենք: Երկիրը դարձրել են մոտավորապես պետություն: Փոխանակ Հիլարիին տանելու Չինարի, դիրքեր, տանում են Գառնի»: Պարոն Սաֆարյանը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարները հաճախակի չեն այցելում մեր երկիր, ուրեմն պետքարտուղարը պետք է ծանրակշիռ հիմքեր և լուրջ շահեր ունենար այցելության համար: Ս. Սաֆարյանի փոխանցմամբ՝ հասկանալի է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի այցով ԱՄՆ-ն ուզեց փորձարկել, թե տարածաշրջանում ինչպես կվերաբերվեն Իրանի հետ կապված տարբեր զարգացումներին: Պարոն Սաֆարյանը մտահոգիչ է համարում հետևյալը. «Մտահոգիչ է այն, որ պետքարտուղարի այցելության օրերին հայ-ադրբեջանական և ԼՂՀ -Ադրբեջան շփման գծում լարվածությունը ծայրահեղ չափերի հասավ և այցելությունը չմեղմեց իրավիճակը»: «Ժառանգության» գլխավոր քարտուղարը վրդովվում է, որ մեր անատամ և անողնաշար լինելու պատճառով արդեն որերորդ անգամ է՝ Ադրբեջանը մնում է անպատիժ: Վերլուծելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ Ս. Սաֆարյանը նշեց. «Եվրատեսիլից» մինչև դիվերսիաներ տեսանելի են Ադրբեջանի նպատակները. նա փորձում է սեփական հասարակությանը ապացուցել, որ իրենք կարող են հաղթել, իրենց հետ հաշվի են նստում: Կա նաև զոնդաժի խնդիր. Ադրբեջանը փորձում է պարզել, թե ինչպիսին կլինի միջազգային հանրության ռեակցիան, եթե սանձազերծի արկածախնդրություն»: ՀՀ պատասխանի «մասով» էլ Ս. Սաֆարյանը կարծում է. «ՀՀ-ի պատասխանը պիտի ունենա ռազմաքաղաքական մի ամբողջ համալիր, ռազմական արկածախնդրությանը ռազմական եղանակով պատասխանելը քիչ է: Մանավանդ, երբ Ադրբեջանն առաջարկում է միջազգային հանրությանը վաճառել մի ռեսուրս, թե եթե ուզում եք չպատերազմենք, ապա լուծեք խնդիրը: Մյուս կողմը խնդրում է չտապալել Նաբուկոն և այլն: Հետաքրքիր գործարքի մթնոլորտ է ձևավորվում արևմուտքի և Ադրբեջանի միջև, որտեղ Ադրբեջանը փորձում է վաճառել պատերազմի չգնալու մեծահոգությունները»: Անդրադառնալով ՌԴ-ին՝ պարոն Սաֆարյանը նշեց, որ ՌԴ-ն պարտավոր էր որևէ կերպ արձագանքել պատերազմին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ