Լրահոս
Օրվա լրահոսը

Համալսարանական մշակույթի պակաս ունենք

Հունիս 07,2012 13:27

ԱՄՆ դեսպանատան հարակից տարածքում գործող մարզադաշտում վերջերս Հայաստանի ամերիկյան շրջանավարտների ասոցիացիայի հայազգի անդամների հավաք տեղի ունեցավ: Ամեն ինչ շատ համեստ էր եւ պարզունակ, սակայն, միաժամանակ՝ խորքային եւ բովանդակային:

Այդ օրը հավաքվել էին տարբեր սերունդներ ներկայացնող մարդիկ, որոնք ուսումնառություն էին ստացել ԱՄՆ-ում եւ հնարավորություն ունեին կիսվելու ոչ միայն իրենց ամերիկյան հիշողություններով, այլեւ փոխանցելու կուտակված փորձը, եւ որ ամենակարեւորն է՝ քննարկելու ՀՀ-ում իրականացվելիք համատեղ ծրագրեր, որոնք իրագործելի են միացյալ ուժերով եւ փոխհամագործակցությամբ: Չէի ասի, թե բոլոր շրջանավարտները ճանաչում էին միմյանց, սակայն ձեւավորված սպորտային եւ ակտիվ ժամանցային մթնոլորտը նպաստում էր մարդկանց անկաշկանդ հաղորդակցմանը եւ անմիջական շփումներին:

Եթե դառնանք հայրենական բուհերի շրջանավարտների հետհամալսարանական համագործակցությանը եւ, մասնավորապես, շրջանավարտների միություններին, որոնք համարյա բոլոր բուհերում էլ գործում են, կբախվենք բավականին տխուր պատկերի: Ստացվում է այնպես, որ մեր բուհերում ձեւավորված շրջանավարտների միությունները գործում են կիսատ-պռատ, անգամ որոշ դեպքերում ձեւական՝ չլուծելով համալսարանական լուրջ խնդիրներ, իսկ դրանք բազում ոլորտների են վերաբերում: Նախ՝ շրջանավարտների միության անդամները, որոնք արդեն կայացած գործատուներ են, առաջնային դերակատարում պետք է ունենան «բուհ-աշխատանքի շուկա» կամրջի ստեղծման գործում, որը մեր հանրապետությունում իսպառ բացակայում է: Բացի այդ, շատ եմ կարեւորում փորձառու շրջանավարտների գործուն մասնակցությունը մասնագիտական ուսումնական ծրագրերը կազմելիս եւ որպես ապագա գործատուներ, իրենց «սրբագրությունը» կատարելիս ուսանողի մասնագիտական հմտությունների եւ կարողությունների շրջանակը ձեւավորելիս: Կարեւոր եմ համարում նաեւ բուհին շրջանավարտների միության ոչ միայն ակադեմիական օժանդակությունը, այլեւ ֆինանսական հովանավորչությունը զանազան ծրագրեր իրականացնելիս, որոնք միտված են կրթական ծառայությունների որակի բարձրացմանը:

Ցավոք, պետք է արձանագրենք, որ համալսարանական մշակույթի պակաս ունենք, եւ հազվադեպ ենք ականատես լինում վերը թվարկած հիմնախնդիրների լուծումներին: Փորձը ցույց է տալիս, որ մեր իրականությունում համալսարանների շրջանավարտները հիմնականում «Նոյի ագռավի» վարքագիծ են դրսեւորում, եւ բուհն ավարտելուց հետո դեմքով չեն շրջվում դեպի իրենց հարազատ բուհը: Մյուս կողմից էլ՝ հայրենական բուհերը կարծես ակնածանքով են վերաբերվում շրջանավարտների միության գործունեությանը, որն, ի դեպ, միջազգային պրակտիկայում լուրջ հիմքերի վրա է դրված եւ ձեւավորում է փոխշահավետ համալսարանական միջավայր:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

 տնտեսագիտության դոկտոր,

պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930