Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնին պետք է ոչ թե օրենք, այլ գումար եւ որակ

Հունիս 07,2012 13:25

Երիտասարդ բեմադրիչ Սուրեն Սաֆարյանը «կիսում» է իր պրոֆեսորի այս կարծիքը

«Առավոտին» վերջին շրջանում տված հարցազրույցներում թատերարվեստի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ բեմադրիչներ, գտնում են, որ Հայաստանի համար 17 պետական թատրոնները շատ են՝ վկայակոչելով Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի շրջանավարտ բեմադրիչների թիվը (տարեկան շուրջ 20): Վերջին տարիներին էլ գոնե երեւանյան պետական թատրոններում անտրեպրիզային (հրավիրյալ դերասաններով) բեմադրություններ իրականացնելը դարձել է առանցքային գործելակերպ, թեեւ ընդհանուր հաշվով հանդիսատեսին չի հետաքրքրում՝ ներկայացումը խաղացանկայի՞ն է, թե՞ ոչ: Այդուհանդերձ, երիտասարդ բեմադրիչը (այդ թվում՝ Հենրիկ Քոչարյան, Սամսոն Մովսիսյան, Գոհար Փոքրիկյան եւ այլն) փաստորեն դատապարտված է մեկանգամյա բեմադրություններ իրականացնելու: Ի՞նչն է պատճառը, որ նրանց չեն ձգում խաղացանկային թատրոնները կամ՝ գուցե դրանք, բացառությամբ մեկ-երկուսի, փա՞կ են երիտասարդների առջեւ:

Այս եւ մեզ հուզող այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հանդիպեցինք երիտասարդ բեմադրիչ Սուրեն Սաֆարյանի հետ: Ինչու հատկապես այս բեմադրիչի, որովհետեւ նրա ստեղծագործական կենսագրությունում կա արդեն 3 բեմադրություն. Ստեփան Զորյանի «Փայտե մարդը» (Համազգային թատրոն, 2008թ.), «Ջուլիետ» մոնոներկայացումը՝ ըստ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» ողբերգության (Թատերական գործիչների միության դահլիճ, 2009թ.) եւ Ռեյկունի «Սիրահարված տաքսիստը» (Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն, 2012թ.):

Սուրեն Սաֆարյանն ասաց, որ խաղացանկային թատրոնը երկար ժամանակ չի կարող պահել երիտասարդ ռեժիսորին, հավելելով. «Չեմ ընդունում, երբ արվեստագետը իբրեւ արդարացում բարձրացնում է գումարի խնդիրը: Մյուս կողմից էլ՝ չեմ ընդունում, երբ թատրոնի մարդը, այդ թվում՝ եւ բեմադրիչը, մի քանի ժամ անցկացնելով թատրոնում, շտապում է հաջորդ աշխատավայր: Այսուհանդերձ, հասկանում եմ, որ արվեստագետների այսօրվա աշխատավարձը պարզապես անընդունելի է»:

Ռեպլիկին, թե ի՞նչ միջոցներով է իրականացրել 3 բեմադրությունները, մեր զրուցակիցն առանց մանրամասնելու ասաց, որ դրանք արվել են սեփական միջոցներով, շեշտելով երիտասարդ դերասանների էնտուզիազմը: Արվեստագետը հայտնեց նաեւ, որ ինքն է իր ներկայացումների եւ PR մենեջերը, եւ պրոդյուսերը, նույնիսկ «Սիրահարված տաքսիստի» դեպքում՝ նաեւ բեմանկարիչը: Նեղսրտեց թատերագետների մասով, նշելով, որ թեեւ շնորհավորանքների պակաս ինքը չի զգացել, սակայն այդպես էլ ոչ մի մասնագետ որեւէ թերթում հանդես չի եկել վերլուծական հոդվածով, թեկուզ՝ քննադատական: Փոխարենը՝ Սուրենը գոհ է լրագրողների ուշադրությունից:

Բեմադրիչն ասաց, որ այսօր բանակցություններ են գնում Երվանդ Ղազանչյանի հետ՝ ում արվեստանոցում ուսանել է, կոմեդիայի թատրոնում՝ խաղացանկային բեմադրություն ներկայացնելու համար: Հիշեցնելով ԱԺ-ում տարիներ շարունակ թատրոնի մասին օրենքի անտեսման փաստը եւ այս առիթով իր պրոֆեսորի՝ ժամանակին մեզ հայտնած կարծիքը, թե «ի՜նչ օրենք են գրում թատրոնի մասին, թող հատկացնեն գումար եւ պահանջեն որակ», Սուրեն Սաֆարյանն ասաց. «Համակարծիք եմ պարոն Ղազանչյանի հետ»: Ժպտալով էլ ավելացրեց. «Օրենքով է, թե ներքին կարգով՝ չգիտեմ, բայց թատրոնին իսկապես անհրաժեշտ է եւ պետական հոգածություն, եւ աջակցություն օլիգարխների ու բարերարների կողմից»: Դիտարկմանը, թե ժամանակակից հայ դրամատուրգները դժգոհում են, որ մեծ հաշվով իրենց գործերը չեն բեմադրվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հայ ժամանակակիցների գործերին ծանոթ եմ «Դրամատուրգիա» հանդեսից եւ Ղազանչյանից ստացել եմ առաջարկ՝ կոմեդիայի թատրոնում բեմադրել հենց ժամանակակից հայ դրամատուրգի աշխատանք»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930